Արցախում`աշխատանք կատարելիս 10-րդ դարի խաչքար են գտել. (ՖՈՏՈ)

Ինչպես հայտնում է Հայկական ժամանակը, Արցախի Ասկերան շրջանի Ակնա (Աղդամ) քաղաքում 10-րդ դարի խաչքար են գտել: Հողագործության աշխատանք կատարելիս այն հայտնաբերել են Արթուր եւ Արա Հակոբյանները:

Հերկի հերթական աշխատանքների ժամանակ տրակտորի խոփը չի կարողացել հաղթահարել արգելքը: Արթուր Հակոբյանը, նկատելով, որ խոփը դեմ է առել խաչքարի, դադարեցրել է աշխատանքը․ խաչքարը դարեր շարունակ թաքնված է եղել բազմաշերտ հողի տակ․

«Կանչելով հարեւանությամբ աշխատող մարդկանց՝ որոշեցինք հատուկ մեքենա հրավիրել, որի օգնությամբ էլ խաչքարը հանեցինք զգուշորեն, ազատեցինք հողաշերտերից»,-պատմեց նա:

Տարածքը գտնվում է Ակնա (Աղդամ) քաղաքում, եւ նա կարծում է, որ պատահական չէ այստեղ խաչքար հայտնաբերվելը: «Սրանք հայկական պատմական տարածքներ են, եւ գուցե այն մեր ազգի որոշիչ հաղթանակը նշանավորելու համար է կանգնեցվել։ Մինչդեռ մեր հարեւանները հոխորտանքներ եւ անհեթեթություններ են շպրտում հայերիս ուղղությամբ՝ անվանելով մեզ օկուպանտ։

Գուցե նրանց հնչեցված ամեն մի մեղադրանքի այնքան էլ լուրջ չենք վերաբերվում, բայց որ նրանց ծախսած միլիոնավոր նավթադոլլարներն ի զորու չեն կեղծելու իրական պատմությունը, ակնհայտ է»,- վստահեցնում են նորագյուղցիները:

Նրանք հայտնեցին, որ անկասկած խաչքարը հնագետների, պատմաբանների կողմից կուսումնասիրվի եւ համապատասխան գնահատական կտրվի։ Սակայն կարծում են այն չպետք է տեղաշարժել։ Նրանց համոզմամբ՝ հարկավոր է խաչքարը հողաշերտից ազատել, գտնված տեղում վեր խոյացնել եւ յուրօրինակ ուխտատեղի ստեղծել: Նրանք մտածում են, որ հետագայում Ակնա քաղաքում կարելի է զբոսաշրջային վայր ստեղծել:

Այն, թե որ դարով է թվագրվում խաչքարը, որոշել է Արցախի Տիգրանակերտի պեղումները գլխավորած պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը: Պատմաբան, հնագետ, մշակութաբան Պետրոսյանը նաեւ ֆեյսբուքյան իր էջում է տեղադրել խաչքարի լուսանկարը, որին կից գրառում է կատարել. «Արցախի Տիգրանակերտի մերձակայքում 9-10-րդ դարի խաչքար է հայտնաբերվել: Նշեմ, որ սա արդեն չորրորդ խաչքարն է»:

աղբյուրը՝ ArmTimes

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.