ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում բանավեճ սկսվեց «Բարգավաճ Հայաստան» ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջև:
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ներկայացրած «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագծի ժամանակ Բագրատյանի ու «Իմ քայլի» պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի մեջ բանավեճ ծագեց:
Նախագծի քննարկման ժամանակ Բագրատյանը մաքսային ծառայողներից ոմանց «բութ» կամ «անգրագետ» որակեց, ինչին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիեմ Գրիգորյանը արձագանքեց՝ խնդրելով Բագրատյանին ԱԺ-ում բացառել որեւէ անձին պիտակավորելը:
Այս առնչությամբ Սերգեյ Բագրատյանն ասաց. «Ազգային ժողովը չի կարող լինել անատամ, անլուրջ կառույց, բոլորին ասենք՝ «հրաշալի եք, պուպուշ եք, ոչ մեկիդ բան չենք ասում»: Որպես ընդդիմություն ասեմ իմացեք՝ գիշեր-ցերեկ ձեզ քննադատելու ենք: Ես ձեզ քննադատելու եմ անձնավորված, եթե դուք սխալ անեք: Հիմա էլ ասում եմ՝ դուք սխալ եք դատում այս օրենքի մասին: Շարունակվելու է միայն այսպես, ավելի խիստ, ավելի հասցեական ու թիրախային ենք լինելու»:
Գրիգորյանը ճշտեց. «Բայց առանց պիտակավորելու», ինչին Բագրատյանը հակադարձեց. «Դուք պիտակավորելը ո՞նց եք հասկանում, եթե ես ասում եմ, որ մարդիկ չեն կարողանում օրենքը ճիշտ մեկնաբանել ու դա խնդիր է առաջացնում մեր քաղաքացիների համար, հիմա սա պիտակավորո՞ւմ է, թե՞ ոչ: Այսինքն ես ձեզ պետք է գրեմ, հարցնեմ՝ սա պիտակավորո՞ւմ է, թե ոչ, նոր խոսե՞մ: ԱԺ-ն փամփլիկների, փափկասունների տեղ չի, սա բանավեճերի հարթակ է, ամենադաժան բանավեճերի եւ եթե մի խորհրդարան տեսել եք, որտեղ բանավեճ չկա, այդ խորհրդարանը պետք է փակել»:
Մանրամասները ArmLur TV-ի Տեսանյութում