Օրվա կադրը. Սամվել Ալեքսանյանի անակնկալը՝ վարչապետ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Asa Garment ընկերության ֆաբրիկայի բացմանը, որտեղ տեսախցիկները ֆիքսել են վարչապետի՝ «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» վարչապետի հայտնի գրությունը, որը գրատախտակի վրա գրված է մարկերով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս օգոստոսի 8-ին ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որի վրա ձեռագիր գրված էր «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»:

«Միանալով ֆլեշմոբին: Դու նույնպես միացիր՝ քո ձեռքով գրածը, քո պատին»,- այսպես էր մակագրել Փաշինյանը, ով նաև հայտարարել էր, որ  դա պետք է լինի յուրաքանչյուր հային առաջ մղող կարգախոսը:

Հիշեցնենք, որ Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ընդունվել էր որոշում` «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու նպատակով ցուցապաստառների տպագրության ու գովազդային ծառայությունների ձեռքբերման համար վարչապետի աշխատակազմին հատկացնել 48 մլն 900 հազար դրամ, որն ուղղվել է Երևանի և մարզերի տարբեր հատվածներում «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակմանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ medianews.site