ԱԺ դիմաց շարունակվում է «Կամք» նախաձեռնության անդամների բողոքի ակցիան՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի:
Ըստ նախնական տեղեկությունների` այսօր ԱԺ-ում Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ քննարկում է ընթանալու Երևան ժամանած` Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:
Ակցիայի նախաձեռնողները կոնվենցիան համարեցին չարիք հայ հասարակության համար և պնդեցին, որ տեսնում են իշխանության շահագրգռվածությունը՝ փաստաթուղթը ստորագրելու հարցում:
«Կոնվենցիայի վավերացումը երկրի քայքայման, կործանման առաջին քայլն է: ԵԽ-ն ՀՀ-ում դեսանտ է իջեցրել»,- ասացին նրանք և խոստացան ակցիայի շրջանակում շենքի առջև աղմկել այնքան ժամանակ, մինչև հանձնաժողովի համատեղ նիստը խափանվի:
Նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը հայտարարեց, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը կնշանակի այն քաղաքական ուժի վախճանը, որն այն կընդունի: Նրա գնահատմամբ՝ հայաստանյան իշխանությունների վրա ճնշում կա:
«Բոլոր այն երկրները, որոնք վավերացրել են կոնվենցիան, ճնշումների են ենթարկվել»,- հայտարարեց Վ. Չախալյանը: Վերջինի խոսքով՝ իրենք շարունակելու են շրջել մարզերով և ստորագրահավաք իրականացնել՝ կոնվենցիայի վավերացման դեմ: Նշեցին, որ պատրաստ են անգամ ճանապարհներ փակել: Ակցիային միացած Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը բանավեճի բռնվեց ոստիկանության ծառայողի հետ՝ պնդելով, որ իրենք իրավունք ունեն ակցիա իրականացնել որպես քաղաքացի:
Մանրամասները armlur.am-ի Տեսանյութում