ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստում որոշում կայացրեց լուծարել մի շարք գիշերօթիկ հաստատություններ, մասնավորապես, «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ» հաստատությունը, «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ» հաստատությունը, «Գյումրիի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ» հաստատությունը, Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատությունը», Վանաձորի մանկատունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հարցի անվանման առաջին հատվածը «ֆեյք նյուզ»-ի տրամաբանությամբ է շարադրված.
«Այսօր նորից մեծ աղմուկ կլինի, որ ՀՀ կառավարությունը փակում է մանկատները, գիշերօթիկ դպրոցները»:
Փակված մանկատների և գիշերօթիկ հաստատությունների ամբողջ գումարը կուղղվի ցերեկային կենտրոններին: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«2019թ-ի դրությամբ հաստատաություններում խնամք է ստացել 260 երեխա, որոնց թիվը գնալով կրճատվել է՝ կենսաբանական ընտանիքով վերադառնալու փաստով պայմանավորված: Հոկտեմբերի 28-ի դրությամբ հաստատություններում խնամք է ստացել 130 երեխա: Ծնողների 30 տոկոսն ընդգրկլվել է տնտեսական զարգացման ծրագրերում՝ խոսքը 16 ընտանիքի մասին է: Նրանց համար նախատեսվում է կազմակերպել մասնագիտական դասընթացներ, տրամադրվելու են անհրաժեշտ գործիքներ: Գիշերօթիկների փոխարեն Երևանում և մարզերում կբացվեն ցերեկային աջակցման կենտրոններ, իսկ Երևանում, Կապանում և Գյումրիում՝ ճգնաժամային աջակցման կենտրոններ»:
Նախարարը տեղեկացրեց, որ այդ որոշումը ուժի մեջ է մտնում 2019թ. դեկտեմբերի 1-ից, Գյումրիի թիվ 2 գիշերօթիկի դեպքում՝ 2020թ. հունիսի 25-ից, իսկ Վանաձորի մանկատան դեպքում՝ 2020-ի հունվարի 1-ից:
Մանրամասները shantnews.am-ի Տեսանյութում