ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.
«Կային այսպիսի ժամանակներ: Եւ կյանքը ցույց տվեց, որ իրոք՝ Ելք կա:
Երեւան ջա՜ն, տոնդ շնորհավոր:)»:
Հիշեցնենք, որ «Էրեբունի-Երևան» տոնը կոչվում է նաև «Երևանի տոն», «Երևանի օր». 1983 թ-ից դարձել է ավանդական (չի նշվել միայն 1991–98 թթ-ին):
Տոնակատարության բացման պաշտոնական հանդիսությունը տեղի է ունենում Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում, փակումը՝ «Հրազդան» մարզադաշտում: Տոնի շրջանակներում կազմակերպվում են Երևանին նվիրված գեղանկարների ցուցահանդեսներ, մեծ համերգներ` Հանրապետության և մեծ ու փոքր հրապարակներում, պուրակներում, թատերականացված ներկայացում՝ Էրեբունի ամրոցի հիմնադիր Արգիշտի արքայի «մասնակցությամբ»՝ Էրեբունի թանգարանի մերձակա հրապարակում:
Առաջին օրն ավարտվում է Հանրապետության հրապարակում` տոնական մեծ հրավառությամբ: Տոնակատարությանը մասնակցում են Երևանի բնակչության մեծ մասը և բազմահազար հյուրեր հանրապետության տարբեր մարզերից, ինչպես նաև արտերկրից և Երևանի քույր-քաղաքներից հրավիրված պատվիրակություններ (Մոսկվայից ու Ռուսաստանի այլ քաղաքներից, Ղազախստանից, Լատվիայից, Վրաստանից, Իրանից, Մոլդովայից):
«Էրեբունի-Երևան» տոնակատարության համար 1968 թ-ին հատուկ գրվել է «Էրեբունի-Երևան» երգը (խոսքը՝ Պարույր Սևակի, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի), որը հետագայում դարձել է քաղաքի օրհներգը: Այդ երգն առաջին անգամ կատարվել է 2750 հոգուց բաղկացած երգչախմբով` Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ:
Մանրամասները Տեսանյութում