Գեներալ Հայրապետովը հեռացել է աղմկոտ գործի՞ պատճառով

Lragir.am-ը գրում է. Ազատություն ռադիոկայանն օրերս հրապարակեց տեղեկություն, որ եւս մի ականատես է պատրաստ վկայություն տալ Պողոս Պողոսյանի հայտնի գործով: Ըստ ռադիոկայանի անդրադարձի, այդ ականատեսը ազգագրագետ Գայանե Շագոյանն է, որը պատմել է 18-ամյա դեպքի որոշ մանրամասներ եւ ասել, թե երբեք չի մոռանա «Պրիվետ Ռոբ» արտահայտությունից հետո Ռոբերտ Քոչարյանի դեմքը:

Խոսքը Առագաստ սրճարանում 2001 թվականին տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին է, որի զոհ դարձավ քաղաքացի Պողոս Պողոսյանը: Նրան սպանելու համար պայմանական ազատազրկման դատապարտվեց Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից Աղամալ Հարությունյանը՝ Կուկու մականունով:

Մի քանի ամիս առաջ տարածվեց տեղեկություն, որ Հայաստանում է բրիտանացի Նյուտոնը, որը 18 տարի առաջ սրճարանի զուգարանում եղել էր Պողոսյանի հանդեպ նախագահ Քոչարյանի թիկնախզորի բռնության ականատես: Նյուտոնի ցուցմունքը, որը եղել էր գրավոր, քանի որ ըստ նրա՝ իրեն խորհուրդ էին տվել չմնալ Հայաստանում, դատարանը հաշվի չէր առել: 18 տարի անց գալով Հայաստան, Նյուտոնը կրկնել է տեսածն ու հայտնել նոր ցուցմունքի պատրաստակամություն:

Դրանից հետո տեղեկություն եղավ, որ իրավապահները վարույթ են հարուցել նոր ի հայտ եկած հանգամանքների առումով: Եվ ահա, տեղեկություն է տարածվում, որ եւս մեկ ականատես է պատրաստ վկայություն տալ:

Պողոս Պողոսյանի գործի փաստացի վերաբացման իրողությունը դիտարկվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրադրության համատեքստում: Թեեւ այստեղ երկրորդ նախագահի համար խնդիր կարող է լինել այն դեպքում, եթե քննությունը պարզի, որ հենց նախագահն է հրահանգել թիկնազորին պատժել Պողոսյանին: Դա նշանակում է, որ թիկնազորի ներկայացուցիչները պետք է այդպիսի ցուցմունք տան: Այլապես, եթե անգամ նախկին պատժի փոխարեն լինի թիկնազորի անդամների ավելի խիստ պատիժ, հազիվ թե դրանից բարդանա երկրորդ նախագահի առանց այդ էլ բարդ դրությունը:

Օրերս պաշտոնանակ եղավ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովը, որը այդ պաշտոնին նշանակվել էր թավշյա հեղափոխությունից հետո: 2019-ի օգոստոսի 5-ին Հայրապետովը ստացել էր գեներալի կոչում:

Ինչու՞ մոտ երկու ամիս անց գեներալը պաշտոնանակ եղավ: Այդ առնչությամբ դիտարկվում են ամենատարբեր վարկածներ: Օրերս Փաստ պարբերականը գրել էր, թե պատճառը խիստ նեղ անձնային է եւ վարչապետ Փաշինյանը անգամ իր մերձավոր շրջապատում այն չի բարձրաձայնում: Հատկանշական է նաեւ, որ ի տարբերություն ԱԱԾ եւ ոստիկանության փոխված պետերի, Գրիգորի Հայրապետովը հեռանում է առանց աղմուկի եւ ավելորդ ինտրիգ հյուսելու:

Արդյոք գեներալ Հայրապետովի հեռանալու հարցում կարող էր նշանակություն ունենալ Պողոս Պողոսյանի գործը, եւ դա կարո՞ղ է լինել պաշտոնանկության կամ հեռանալու պատճառի առնչվող վարկածների շարքում:

Բանն այն է, որ գեներալ Գրիգորի Հայրապետովը նախագահական թիկնազորում է դեռեւս առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի շրջանից, իսկ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում նա ունեցել է արդեն ավագ թիկնապահի կարգավիճակ: Ինքնին հասկանալի է, որ ելնելով Պողոս Պողոսյանի գործի բնույթից եւ դրան առնչվող սուբյեկտների շրջանակից, Գրիգորի Հայրապետովից կարող էր ակնկալվել որեւէ ցուցմունք դեպքի կապակցությամբ:  Մանրամասները սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.