«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
– Այսօր Արցախում մամուլի ասուլիս է տվել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: Նա հայտարարել է, որ Արցախի խնդրի լուծման հարցով ներկայիս իշխանությունները, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը տեսլական չունեն և առաջ են տանում այն գիծը, որով նախկինում շարժվում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. ըստ Բալասանյանի՝ դա Արցախը Ադրբեջանի կազմում ինքնավար մարզի կարգավիճակում տեսնելն է:
Բացի դրանից, Բալասանյանը հայտարարել է նաև, որ Փաշինյանը Ալիևի հետ համաձայնության է եկել, պայմանավորվել են, որ հայտարարվի՝ իբրև թե Արցախը վերադառնալու է բանակցային սեղանի շուրջ, այնինչ Ալիևն ամեն ինչ կանի, որ դա տեղի չունենա: Պարո՛ն Բաբաջանյան, կխնդրեի Ձեր դիտարկումները ներկայացնել այս հայտարարությունների վերաբերյալ:
– Բարդ է Վիտալի Բալասանյանի «մտքի գոհարներին» վերջին շրջանում հետևել և արձագանքել, միայն պետք է առանձնացնենք այն Վիտալի Բալասանյանին, ով մարտի դաշտում իսկապես հերոսացել է և աչքի ընկել առանձնահատուկ խիզախությամբ, և ես որևէ պարագայում չէի ուզենա, որ գնահատականները, որոնք հնչեցնում ենք նրա վերջին հայտարարությունների վերաբերյալ, առնչվեին նրան կամ ստվերեին նրա կատարած աշխատանքն ու ծառայությունը հայրենիքի առաջ: Իսկ ինչ վերաբերում է վերջին շրջանի և առավելապես այսօրվա հայտարարություններին, պետք է ասեմ, որ շատ լավ գիտեմ Վիտալի Բալասանյանի մտքի թռիչը, կարողությունները, ի դեպ՝ գիտեմ, թե ովքեր են նրա դասատուները, որոնք սովորեցրել են այսօրվա ասուլիսի հիմնական կետերը:
– Ու՞մ մասին է խոսքը, պարոն Բաբաջանյան:
– Չեմ հայտնի անուններ, բայց հաստատապես այս մտքերի հեղինակը Վիտալի Բալասանյանը չէ, նա մտքի այդ թռիչքը չունի: Պետք է հորդորեմ, որ Վիտալի Բալասանյանն այդքան չարժեզրկի իր հանգամանքը, ի վերջո՝ կյանքում կան շատ իրողություններ, որոնք շատ ավելի կարևոր են, և դրանք չեն սկսվում և չեն վերջանում այսօր: Նրա ատամները հաշվված են, և ես հասկանում եմ, թե նա ուր է ցանկանում այս գործընթացները տանել:
Հուրախություն ինձ՝ վերջին շրջանում մենք տեսնում ենք իշխանության կողմից նրա հայտարարություններն անարձագանք, անպատասխան թողնելու մարտավարությունը, որը, կարծում եմ, շատ ճիշտ է: Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած անձը, ով ի պաշտոնե պարտավոր էր նաև Արցախի անվտանգությանն ուղղված միջոցառումներ իրականացնել և ինչ-որ իմաստով երաշխավորել այդ անվտանգությունը, այսօր սպառնալիք է դառնում մեր հայրենիքի անվտանգության համար:
Կարծում եմ, որ Հայաստանում պետք է միջոցներ ձեռնարկվեն նրան մեկուսացնելու ուղղությամբ, որովհետև նրա հայտարարությունները արդեն մեր սահմաններից դուրս են գալիս՝ «Ալիև… համաձայնություն…», և դրանք արդեն թշնամական ու դավաճանական են: Կարծում եմ՝ Հայաստանի ուժային կառույցները հատուկ ուժային գործողությամբ նրան մեկուսացնելու և առհասարակ նրա նման մտածող զինվորականներին մեկուսացնելու ուղղությամբ աշխատանքներ պետք է տանեն, և դրանով վերջակետ դրվի, որովհետև սա ուղղակի անթույլատրելի է:
– Պարո՛ն Բաբաջանյան, նշեցիք, որ Բալասանյանի հնչեցրած մտքերը թերևս իրեն չեն պատկանում, ուղղորդվածություն կա. այդ ուղղորդվածությունը կարո՞ղ է լինել նաև արտաքին՝ ոչ միայն մեկ անձի, այլ երրորդ երկրի դիրքորոշմամբ պայմանավորված:
– Գիտեք՝ սեպարատիստական հայտարարություններ են գալիս Արցախից, թե մի՛ խառնվեք, սրանք մեր գործերն են, մեր հարցերն են, և մենք հասկանում ենք, որ Արցախը չի կարող ինքնաբավ լինել, եթե Հայաստանը չպիտի խառնվի Արցախի ներքին գործերին, նշանակում է, որ նրանք այլ երկրի են հրավիրում խառնվել իրենց գործերին. այստեղ մենք հստակ տեսնում ենք հյուսիսային հետք, և սա չպետք է անպատասխան մնա:
Ես հասկանում եմ, որ Ռուսաստանում կան որոշակի շերտեր, որոնք Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո փորձում են Արցախն օգտագործել իրենց ռևանշիստական նպատակներն իրականացնելու համար: Բայց Արցախում հասուն, ժողովրդավար հասարակություն կա, և այդ ժողովրդավար հասարակության արտահայտությանն ականատես եղանք վերջին ՏԻՄ ընտրություններում, այստեղ երկու կարծիք չի կարող լինել, որ արցախցիները նույնպես մերժելու են արտաքին որևէ հրավեր: Այս հայտարարությունները, Հայաստանի դեմ արվող այս արշավներն ուղղակի չեն կարող կենսագործվել, և դա մեր ժողովուրդն ամեն օր ապացուցում է:
Մանրամասները սկզբնաղբյուրում: