Այս գործն իսկական պայթյուն է լինելու. Ի՞նչ հետագա ընթացք կունենա

Lragir.am- ը գրում է.  ՀՀ ԱԺ-ում երեկ տեղի ունեցան «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով լսումներ: Խոսքը Երեւանի կենտրոնի կառուցապատման ծրագրերի մասին է, որոնց արդյունքում տասնյակ ընտանիքներ զրկվել են իրենց սեփականությունից, ստանալով չնչին փոխհատուցումներ: Այդ ընտանիքներից շատերը մինչ այժմ ապրում են վարձով: Բազմաթիվ գործեր են գնացել ՄԻԵԴ, եւ Հայաստանը միլիոնավոր դոլարներ է վճարում ՄԻԵԴ վճիռներով:

Խորհրդարանական լսումների ժամանակ կարծիքներ հնչեցին, որ պետք է վերականգնել նախկին սեփականատերերի իրավունքները: Ընդ որում՝ այն պաշտոնյաների հաշվին, որոնց անօրինական գործողությունների հետեւանքով ստեղծվել է այս իրավիճակը: Նշվեց, որ պետք է պարզել իրական սեփականատերերին: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ լսումների ձայնագրություններն ուղարկվելու են իրավապահներին՝ ուսումնասիրելու համար:

Երեւանի կենտրոնի կառուցապատումը բազմամիլիարդ ծրագիր էր, որը, ինչպես տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, քվոտավորված էր: Այդ քվոտաները բաժանված էին բարձրաստիճան պաշտոնյաների, կոալիցիոն կուսակցությունների միջեւ:

Մի կողմից, Երեւանի կենտրոնն իսկապես ուներ կառուցապատման կարիք, մյուս կողմից, այդ գործընթացն իրականացվեց անմարդկային, անօրինական, կոռուպցիոն սխեմաներով, ինչպես նաեւ ճարտարապետական վիճահարույց լուծումներով, որոնց մասին հրապարակումներով հեղեղված էր այն ժամանակվա մամուլը:

Լսումների ժամանակ պատգամվորներն ու ունեզրկված բնակիչները տալիս էին այդ ծրագրի առանցքային «շահառուների» անունները՝ Ռոբերտ Քոչարյան, Երվանդ Զախարյան, Դավիթ Հարությունյան եւ այլն:

Ընդհանրապես, քանի որ սա «համակարգային» ծրագիր էր, իշխող համակարգը ներգրավված էր դրա իրականացմանը բոլոր օղակներում՝ սկսած քվոտաների բաշխումից մինչեւ դատարաններ: Երեկվա լսումների ժամանակ սա որակվեց որպես պետության զավթում:

Ի՞նչ հետագա ընթացք ու զարգացում կունենա այս գործը: Հաշվի առնելով դրա համակարգային բնույթը, ծավալներն ու մասնակիցների շրջանակը, ընթացք տալու պարագայում դա ունենալու է պայթյունի էֆեկտ: Մանրամասները սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.