SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Անա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քնչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Զորի Բաբայանի որոշմամբ՝ որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 46-ամյա Հակոբ Գրիգորյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը նաև հայտնում է, որ այսօր Վանաձորում աղմկահարույց սպանությունների մեջ հենց նա է կասկածվում, ով էլ հանցագործությունը կատարելուց հետո, երբ տեսել է, որ ոստիկանները րոպեների ընթացքում ժամանել են դեպքի վայր, մոտեցել է նրանց, և երբ համոզվել է, որ ոստիկանության ծառայողներ են, հայտնել է, որ ինքն է սպանել նշված անձանց, ինչից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Լոռու մարզային վարչություն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ զոհերի թիվը կարող էր ավելի շատ լինել, եթե Վանաձորի ոստիկաններն ու Վանաձորի հիվանդանոցի բժիշկները օպերատիվորեն չժամանեին, և հենց նրանք են բոլոր վիրավորներին շտապ տեղափոխել հիվանդանոց, որոնցից 4-ի կյանքը Վանաձորի բժիշկները կարողացել են փրկել, իսկ մեկն էլ տեղում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 տուն, որտեղ հայտնաբերել են 2 երիտասարդ տղայի դի և որտեղից էլ մի քանի քաղաքացու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Տան մեջ հայտնաբերվել են հրազենից արձակված գնդակներ, գաղտնի փականով դանակներ, ներարկիչներ, բջջային հեռախոսներ, թմրանյութերի նմանվող իրեր: Հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ, 5,45մմ 6 պարկուճ, 2 գնդակ/, 9մմ 4 պարկուճ և 2 գնդակ, 9մմ գազային փամփուշտ և նույնատիպ 2 փամփուշտներ՝ պահունակի մեջ: Նախամուտքում և սենյակներում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են սպանված 2 երիտասարդ տղայի դի, պարզել են նաև, որ հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկը մահացել է: Մահացածներն են Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Օհանյանը, 25-ամյա Դավիթ Օհանյանը: Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 30-ամյա Գոռ Գրիգորյանը, 26-ամյա Գևորգ Գևորգյանը, 29-ամյա Լևոն Ժամհարյանը, 25-ամյա Լևոն Խաչատրյանը և 21-ամյա Անդրանիկ Թադևոսյանը: Սպանության կասկածանքով ձերբակալված 46-ամյա Հակոբ Գրիգորյանն է: Մանրամասները սկզբնաղբյուրում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի