Երևանի քաղաքապետարանը բանջարեղենի և մրգի առևտրով զբաղվող անձանց հորդորում ու առաջարկում է մայթերի փոխարեն առևտուրը կազմակերպել քաղաքի շուկաներում: Քաղաքապետարանի տարածած հայտարարության համաձայն՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը հստակեցնում է. բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը և այն էլ մի քանի հատուկ ապրանքների դեպքում միայն, օրինակ` ծառատեսակներ, սառը ըմպելիքներ:
Սա նշանակում է, որ ցանկացած ոք ցանկացած պահի չի կարող Երևանի փողոցներում վաճառել ցանկացած ապրանք, առավել ևս՝ սննդամթերք: Բացօթյա ապօրինի առևտուրը վերացնելու համար Երևանի քաղաքապետարանն աշխատանքի է անցել դեռևս նոր տարվա առաջին տոն օրերից և մտադիր են բացօթյա առևտուրը վերացնել հունվարի 15-ից։
Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը քաղաքապետարանն իրականացնում է ոստիկանության հետ համատեղ: Քաղաքապետարանը սննդամթերքի առևտրով զբաղվող քաղաքացիներին առաջարկում է տեղափոխվել արդեն գործող վաճառակետեր, անհրաժեշտության դեպքում՝ կազմակերպել նոր մինի-շուկաներ:
Խնդրի վերջնական կարգավորումը ոլորտի պատասխանատուները տեսնում են օրենսդրական դաշտում, երբ առավել կհստակեցվի բացօթյա առևտրի ենթակա ապրանքների ցանկն ու առավել մեծ լիազորություններ կստանան քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը։
Քաղաքապետարանը դիմում է նաև քաղաքացիներին՝ կոչ անելով՝ օրենքներից բացի, բացօթյա ապօրինի առևտրի վերացումը կախված է յուրաքանչյուրիցս. գնե՞լ, թե՞ չգնել փողոցում, հենց գետնին վաճառվող ու առողջության համար վտանգավոր մթերքը:
Մանրամասները NEWS AM-ի Տեսանյութում