Քոչարյանն ինձ ուզում էր համոզել, որ քննիչները Հոկտեմբերի 27-ի գործը ուզում են «կարել» իր վրա... 1in.am. Տեսանյութ.

«Եթե բոլորով գտնում եք, որ դա 5 ռոմանտիկների ձեռքի գործ է և ոչ մեկ չկար թիկունքում՝ դա ուրիշ խնդիր է։ Ես գիտեմ, որ կարող է մարդկանց մեկ տոկոս լինի, որ այդպես կմտածի։ Դատարանը փորձեց հիմնավորել այդ մեկ տոկոսի ասածը, բայց շատ կոշտ ու կոպիտ ձևով։ Ակնհայտ դարձավ, որ դահլիճի տեսաձայնագրությունն ու իրական ժամանակը չի

համընկնում։ Ուրեմն այդ տեսաժապավենը մոնտաժված է, ո՞վ է մոնտաժել, ինչո՞ւ է մոնտաժել»,- Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 18-րդ տարելիցին ընդառաջ «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ասաց սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը, Ազգային ժողովի «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը։

Մեր զրուցակիցը մեջբերում է Դեմիրճյանների փաստաբան Աշոտ Սարգսյանի համոզմունքը՝ առ այն, որ զենքը խորհրդարան են մտցրել նախապես. «Քրեական գործում կան բազմաթիվ լրագրողներ, որոնք հիմնավորել են, որ ոճրագործին տեսել են առանց երկար անձրևանոցի, դա նշանակում է, որ չէր կարող զենքը դրա տակ թաքցրած մուտք գործել խորհրդարան։

Շատ հարցեր կար, որ դատարանը կոծկել է, դա կբացվի մեկ դեպքում, երբ համակարգային փոփոխություն լինի։ Ու եթե այդ համակարգային փոփոխության արդյունքում լինեն այնպիսի իշխանություններ, որոնք նախ ժողովրդավար են և չունեն կախվածություն Ռուսաստանից»,- ասաց Արամ Սարգսյանը։

Պատգամավորը շարունակում է. «Ես մի քանի անգամ ուղիղ հարցրել եմ Ռոբերտ Քոչարյանին, ասել եմ, եթե կան բաներ, որոնք բացահայտվելու պարագայում երկրին լուրջ վտանգ կսպառնա, ես կարող եմ ոչինչ չասել, բայց ես դրա մասին պետք է իմանամ։ Նա ինձ պատասխանել է՝ չկա այդպիսի բան, որն ավելի բարձր է, քան երկրի անվտանգությունը,

ամեն ինչ բաց է։ Բայց չի բացահայտվում, ինչու վերջին խոսքի իրավունքի ժամանակ նույն ոճրագործին զրկեցին վերջին խոսքի հնարավորությունից, միևնույն է, որոշված էր, որ ցմահ է, թողնեիք թող ասեր»։

Արամ Սարգսյանը նշում է՝ Ռոբերտ Քոչարյանն անձամբ էր հետևում գործին. «Մեկ երկու անգամ ինձ մոտ բերել են այդ ցուցմունքները նայելու, ես ուղղակի չեմ կարողացել նայել՝ զուտ անձնական դրդապատճառներից, որովհետև հաճելի չէ լսել, թե մարդասպան հանցագործը ինչ պիտակներ է տալիս քո զոհված եղբորը՝ այդ գործը նախապատրաստելիս։ Այսինքն՝ զուտ մարդկային կենսաբանական առումով շատ քչերը կարող էին նայել։

Եվ ամեն օր Գագիկ Ջհանգիրյանը գնում էր այդ գործի քննության արդյունքներն իրեն զեկուցելու։ Գագիկ Ջհանգիրյանին զգուշացրել եմ՝ մի գնա զեկուցելու, մի արա դա։ Երկրորդ՝ Ռոբերտ Քոչարյանին հարցրել եմ՝ ինչի՞ ես ամեն օր դա կարդում, քո ինչի՞ն է դա պետք։ Նա ասում էր՝ հըլը նայի՝ ինչ հարց է տալիս քննիչը, ուզում էր ինձ համոզեր, որ քննիչները

հատուկ գործը կարում են իր վրա։ Եվ ասում էր՝ եթե ես չնայեմ՝ իրենք կասեն՝ դա իմ կազմակերպածն է։ Պետք է նայեմ, որ պաշտպանվեմ։ Այդտեղ արդեն խնդիրներ կան, ձերբակալված մարդ կար, որ նախագահի աշխատակազմից էր, որ ներկա է եղել իրենց երկխոսության ժամանակ։ Այսինքն՝ ի սկզբանե ինչ-որ բան կար, որից կաշկանդված էր Ռոբերտ Քոչարյանը»։

Ի դեպ, ոճրագործությունից մեկ շաբաթ առաջ Ռոբերտ Քոչարյանն իր տիկնոջ հետ եղել է Վազգեն Սարգսյանի տանը. «Կարծեմ՝ նշել են պաշտոնավարման մեկ տարին, որովհետև իրենց ծնողները հեռու են, որոշել են ծնողներով տանը լինել՝ եկել են մեր տուն։ Այսինքն՝ ես որևէ վատ տրամադրվածություն կամ կասկածներ, հոռետես վերաբերմունք չեմ ունեցել ո՛չ

Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Ավելին՝ ես նրանց ավելի շատ եմ եղբորս ընկեր համարել, քան մնացածներին, որոնք այդ ժամանակ ինձ հետ էին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am