ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց ՀՀ քաղաքացիներին՝ հորդորելով Ամուլսարի հարցում մանիպուլյացիաների չտրվել:
«Պետք է մանիպուլյացիաների չտրվեն, այդ թվում՝ իմ կողմից սիրված, հարգված իմ ընկերների կողմից: Երբ որևէ քաղաքացի որևէ սարք է վերցնում, գնում կանգնում, ասում՝ այ, ես ռադիացիան կչափեմ, այստեղ այնպիսի ֆոն կա, որ Հայաստանում կոտորած է սկսվում, դա համարում եմ մանիպուլյացիա: ՀՀ-ում կա կառավարություն, որը եթե լինի ճանապարհները փակելու փաստացի անհրաժեշտություն, կփակի, եթե լինի բացելու անհրաժեշտություն, կբացի:
Չեմ ընդունում տեսակետը, որ ասվում է՝ էսպես է լինելու և վերջ, ուրիշ տարբերակ չկա: Եթե որևէ ակտիվիստ կարող է այդպես ասել, կառավարությունն այդպես չի կարող ասել: Կառավարությունը մի մարմին է, որի գործողությունները պետք է հենված լինեն օրենքի վրա, իրավական լինեն և բխեն Սահմանադրությունից»,- ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց՝ իր արձակուրդի շրջանում իրեն մոտեցել են և ասել՝ հենց այսօր Թեղուտի հանքի շահագործումը պետք է դադարեցնես, որովհետև այնտեղ կա այսպիսի խնդիր, քանդվում է, կքանդվի պատվարը, հազարավոր զոհեր կլինեն:
Վարչապետն ասաց՝ առաջին քայլով համապատասխան տեսչական մարմիններին ուղարկել է ստուգման, ասել են՝ իրենք երաշխավորում են, որ համենայնդեպս, տեսանելի ապագայում այդ պատվարը չի քանդվի, անտեսանելի կամ հեռահար ապագայի համար պետք է փորձաքննություն անցկացվի:
«Ես ասացի՝ հեսա կասեն պուճուր աղջիկս՝ Արփին, Թեղուտում 50 տոկոս փայ է մտել, ամեն ինչ կասեն, մենակ չասեն՝ մենք սխալվել ենք: Ամուլսարի հարցում մենք գնալու ենք ճշմարտության հետևից, ճշմարտությունը մեզ ուր բերի, կկայացնենք այդ որոշումը»,- ասաց վարչապետը՝ առաջին օրից չի առաջնորդվել հանքը փակելու կամ չփակելու կանխավարկածով, անհրաժեշտ է եղել, որ իմանա ամբողջ ճշմարտությունը հանքի մասին:
Մանրամասները Տեսանյութում