Ի՞նչ անուններ կտա Սեյրան Օհանյանը

1in.am- ը գրում է. Մամուլում հրապարակվել է տեղեկություն, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որն անցնում է Ռոբերտ Քոչարյանի և չորս պաշտոնյաների մարտիմեկյան հայտնի գործով որպես մեղադրյալներից մեկը, պատրաստվում է դատավարության ընթացքում անել նախկին իշխանությանն առնչվող աղմկոտ բացահայտումներ, տալ անուններ, այդ թվում մարդկանց, որոնք արշավ էին կազմակերպել իր և իր կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի դեմ: Մարտիմեկյան գործը, որի մասին նշվում է մամուլի այդ հրապարակման մեջ, գործնականում այս կամ այն կարգավիճակով ներառելու է նախորդ երեք տասնամյակում Հայաստանում իշխանություն եղած գրեթե բոլոր առանցքային գործիչներին, երեք նախագահներից սկսած:

Այն, որ մոտ երեք տասնամյակի ժամանակաշրջանի համար դրա հիմնական, առանցքային դերակատարներն ունեն միմյանց հիշեցնելու շատ բաներ, ևս անկասկած է: Ավելին, դատավարությունն առանձնահատուկ և աննախադեպ է թերևս հենց այդ իմաստով: Լավ է դա, թե վատ, պարունակու՞մ է ինչ որ ռիսկեր, թե՞ հասարակության համար ճշմարտություններ բացելու հնարավորություն է, այլ հարց է: Բայց որ դրանում ներգրավված պաշտոնյաները առնվազն կարող են իրապես տալ անուններ ու ասել բացահայտումներ, որոնք մատիմեկյան գործի անմիջական շրջանակից դուրս են, սակայն կարող են հանրությանն օգնել հասկանալ նախորդ իշխանության բնույթն ու տրամաբանությունը և դրա ընթացքում հանգուցային և ողբերգական պահերի էությունը, այսպես ասած ծագումնաբանությունը, պատճառահետևանքային շատ կապեր, անկասկած է:

Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, մասնավորապես նրա և տիկնոջ դեմ արշավին, ապա այդ կապակցությամբ նրա տիկին Ռուզաննա Խաչատրյանը դեռևս 2017-ի հոկտեմբերին արել էր որոշակի հրապարակումներ, որոշակի պաշտոնյայի բավականին կոնկրետ նկարագրություններով, ընդհուպ այնպիսին, որ ոստիկանությունը գուցե նույնիսկ կարող էր «ֆոտոռոբոտ» կազմել:

Բայց, նկարագրություններից զատ Սեյրան Օհանյանի տիկինը այլ բան չէր արել, անուններ չէր տվել, թեև նրա նկարագրություններին ծանոթացած քաղաքացիների մի զգալի մասի մոտ կար ընկալում և դրա մասին նրանք բարձրաձայնում էին, որ խոսքը պաշտպանության նախարարի պաշտոնում Օհանյանին փոխարինած Վիգեն Սարգսյանի մասին էր, որը Օհանյանի նախարար եղած շրջանում նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր: Կտա՞ Սեյրան Օհանյանը Վիգեն Սարգսյանի, կամ որևէ այլ կոնկրետ անուն, ինչպես գրում է մամուլը: Դատավարությունը մեկնարկել է նախօրեին: Մեկնարկին Սեյրան Օհանյանը չէր պատասխանել լրագրողների հարցերին, ասելով, որ կարևորը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելն է, իսկ մնացյալը՝ «դատավարության ընթացքում»:  Մանրամասները սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.