1in.am-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ մեկնարկեց Վրաստանի Հանրապետության երեք քաղաքացիների գործով դատական քննությունը:
1976 թվականին ծնված Դիմիտրի Անդրեևն ու 1984 թվականին ծնված Սոփիո Անդրեևան ամուսիններ են, իսկ1983 թվականին ծնված Շոթա Մաղլակելիձեն նրանց ընկերն է:
Ըստ մեղադրանքի՝ ամուսիններ Դիմիտրին ու Սոփիոն խմբի կազմում շահադիտական դրդումներով, ավազակությամբ զուգորդված երկու սպանություն են կատարել Հայաստանում: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ ամուսինները 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Վրաստանից ապօրինի մուտք են գործել ՀՀ տարածք՝ նախնական համաձայնությամբ, առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պահպանվող պետական սահմանի անցակետերը:
Նրանց մեղադրանք է առաջադրված ծանրացուցիչ հանգամանքներում կատարված երկու սպանության և ՀՀ պետական սահմանն առանց պատշաճ թույլտվության հատելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով՝ 2 դրվագ, և 329 հոդվածի 2-րդ մասով:
Շոթա Մաղլակելիձեն մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության՝ սպանության նախապես չխոստացված պարտակում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասով:
Անդրեև ամուսիններին մեղսագրված են Գեղարքունիքի մարզում 26-ամյա երիտասարդի և Երևանում 71-ամյա կնոջ սպանությունները:
2018թ. մայիսի 31-ին Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված «Վազ- 21074» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել էր 26-ամյա Ժորա Մ.-ի դին՝ գլխի շրջանում ջնջխված վերքերով:
Ժորա Մ.-ն Գյումրի քաղաքի բնակիչ էր, աշխատում էր որպես մենեջեր, իսկ ազատ ժամանակ, ինչպես և դեպքի օրն իր «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով տաքսու ծառայություններ էր մատուցում:
Դեպքի օրը նրա մեքենան նստել են ազգությամբ վրացի ամուսիններն ու վերջիններիս ընկերը, պատվիրել են մեկնել Սևան:
Ըստ մեղադրանքի՝ ճանապարհին ուղևորներն ալկոհոլ են օգտագործել, վիճաբանել միմյանց հետ, ինչի պատճառով երիտասարդ վարորդը նրանց դիտողություն է արել:
Առաջադրված մեղադրանքի համաձայն ՝ Անդրեև ամուսինները շահադիտական դրդումներով, ավազակությամբ զուգորդված, ապօրինաբար կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել երիտասարդ վարորդի մարմնի տարբեր մասերին: Ամուսինը նստել է գետնին ընկած երիտասարդի ոտքերին, իսկ կինը կքանստել է նրա գլխի հետնամասում,երկուսով քարերով հարվածներ են հասցրել երիտասարդի գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Սպանությանն ականատես է եղել, բայց ըստ մեղադրանքի, չի մասնակցել, այլ պարտակել է ամուսինների ընկեր Շոթան:
Սպանությունից հետո Անդրրեև ամուսինները, ըստ մեղադրանքի, վերցրել են 26-ամյա վարորդի հեռախոսը, մատից հանել են ադամանդե քարով ոսկյա մատանին, ապա երեքով՝ իրենց ընկերոջ հետ միասին վերադարձել են Երևան:
Սպանության հետքերը թաքցնելու նպատակով ամուսինները լվացել են իրենց հագին եղած արյունոտ հագուստները, իսկ հաջորդ օրը Երևանի առևտրի կենտրոններից մեկում վաճառել են երիտասարդից հափշտակած ոսկյա մատանին:
Տուժող Ժորա Մ.-ն նոր էր ամուսնացել, սպասում էր առաջնեկի ծնունդին…
Այս սպանության նախաքննության ընթացքում բացահայտվել է դրանից ամիսներ առաջ վրացի ամուսինների կողմից Երևանում կատարված ևս մեկ սպանություն:
2018 թվականի հունվարի 15-ի կեսգիշերին իր բնակարանում՝ անկողնում պառկած վիճակում, հայտնաբերվել էր Երևան քաղաքի բնակչուհի, 1947թ. ծնված Անահիտ Ա.-ի դին:
Գործի քննությամբ պարզվել է, որ կինը դարձել է սպանության զոհ:
Իսկ կնոջ շահադիտական դրդումներով սպանությունը մեղսագրվել է վրացի ամուսիններին:
Ըստ մեղադրանքի՝ նրանք իրենց ծանոթների միջոցով Երևանում ծանոթացել էին Անահիտ Ա.-ի հետ: Վերջինս, լինելով մասնագիտությամբ բժշկուհի, թոշակի անցնելուց հետո զբաղվել է ոչ ավանդական բժշկությամբ: Ամուսինները դիմել են նրան՝ իբր առողջական խնդիրներ ունենալով: Նրանք մտերմացել են միայնակ ապրող Անահիտի հետ և տեղեկանալով, որ կինը խնայած գումար, ոսկյա և արծաթյա զարդեր ունի՝ ծրագրել են հափշտակել դրանք:
Այդ նպատակով 2018 թվականի հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նրանք հյուրընկալվել են Անահիտի տանը, միասին ընթրել են, օգտագործել ոգելից խմիչք, ապա Դիմիտրի Անդրեևը, ըստ մեղադրանքի, տանտիրուհուն կյանքից զրկելու նպատակով թիկունքի կողմից մոտեցել է նրան, գրկել, մի ձեռքով բռնել է բերանը, որպեսզի կինը չկարողանա օգնություն կանչել, իսկ մյուս ձեռքով սկսել է խեղդել նրան: Տուժողի դիմադրությունը հաղթահարելու համար Դիմիտրին կնոջը հրահանգել է բռնել տուժողի ոտքերը, իսկ ինքը շարունակել է խեղդել նրան:
Տպավորություն ստեղծելու համար՝իբր կինն անկողնում պառկած հանկարծամահ է եղել, Անդրեև ամուսինները հանել են նրա հագուստը, պառկեցրել են անկողնում, հագուստը խնամքով դասավորել են՝ հետքեր չթողնելու նպատակով օգտագործելով ձեռնոցներ:
Ըստ մեղադրանքի՝ տուժող կնոջ բնակարանից հափշտակել են ընդհանուրը՝ 1 միլիոն 891 հազար ՀՀ դրամ արժողության ոսկյա և արծաթյա զարդեր, նաև՝ այլ իրեր:
Երեք ամբաստանյալներից երկուսը՝ սպանությունների համար մեղադրվող Դիմիտրի և Սոփիո Անդրեևները կալանքի տակ են, իսկ առանձնապես ծանր հանցագործության պարտակման համար մեղադրվող Շոթայի խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է:
Դատական այս նիստին ճշտվեց ամբաստանյալների ինքնությունը:
Նրանք երեքն էլ Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Անդրեև ամուսիններն ունեն բարձրագույն կրթություն: Սոփիոն ասաց, թե մասնագիտությամբ երբեք չի աշխատել, ամուսնանալուց հետո եղել է տնային տնտեսուհի: Դիմիտրին խոսում էր երկար, իր ինքնությանը վերաբերող որոշ հարցերի, մասնավորապես՝ վրաստանյան իր բնակարանի հասցեի վերաբերյալ, հրաժարվեց պատասխանել՝ նշելով, թե չի ցանկանում, որ իր հայտնած տեղեկություններն օգտագործվեն իր դեմ: Նա փորձեց ներկայացնել, թե մինչ Հայաստան գալը Վրաստանում ինչ-որ գաղտնի պետական աշխատանքով է զբաղված եղել, որի մասին չի կարող խոսել, իսկ Հայաստանում կնոջ հետ ապրել է յոթ ամիս ու չի աշխատել՝ «նստած է եղել տանը»: Ապրել են ինչ-որ կնոջ տանը՝ «որպես հյուր»:
Թե՛ ամուսինը, թե՛ կինն ասացին, որ առողջական խնդիրներ ունեն, Դիմիտրին դատական նիստին ներկայացել էր հենակով: Երրորդ ամբաստանյալ Շոթան ասաց, որ ֆիզիկապես առողջ է: Երեքն էլ պնդեցին, որ հոգեպես առողջ են, նարկոդիսպանսերներում հաշվառված չեն եղել: Անդրեև ամուսինները երեխաներ չունեն, նրանք նշեցին, թե հոգ են տարել իրենց ծնողների համար: Շոթան նշեց, որ ամուսնալուծված է, ունի երեք անչափահաս երեխա՝ 16, 14 և 9 տարեկան:
Երբ նախագահողը սկսեց ամբաստանյալներին ներկայացնել նրանց իրավունքներն ու պարտականությունները, Դիմիտրին դժգոհեց. «Սկզբից պիտի բացատրեին, հիմա կարիք չկա»:
Դատարանի հարցին՝ ի՞նչ նկատի ունի «սկզբից» ասելով՝ ամբաստանյալն ասաց՝ ձերբակալման օրը, որը 2018 թվականի հունիսի 1-ին էր:
Պատասխանելով մեղադրական եզրակացությունը ստանալու հարցին՝ Դիմիտրի Անդրեևն ասաց, թե իր կարդացած մեղադրական եզրակացությունը «հեքիաթի պես բան է, անիմաստ բաներ են գրված»:
Անդրեև ամուսինների շահերը պաշտպանում են հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբաններ Էդուարդ Աղաջանյանն ու Թամարա Բաղդասարյանը: Ըստ երևույթին՝ դեռ նախաքննության սկզբում ամուսինների միջև առաջացել է շահերի հակասություն, ինչի պատճառով յուրաքանչյուրն ունի իր հանրային պաշտպանը:
Անդրեև ամուսնները դիմել էին դատարանին՝ խնդրելով վերացնել իրենց տեսակցությունների ու հեռահաղորդակցության վրա դրված արգելքը: Նախագահողը պարզաբանեց, որ դատարանն այդպիսի արգելք չի սահմանել, այն սահմանել է նախաքննական մարմինը, այդ հարցով թող դիմեն այդ մարմնին:
Մանրամասները սկզբնաղբյուրում: