Սերժ Սարգսյանի եւ գեներալների ձերբակալությունը. երեք թեժ կետ

lragir.am -ը գրում է. Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որը երեկ գրառում է արել այն մասին, որ 2018 թվականին Հայասստանում հեղափոխությունը հասունացել էր, բայց չի ավարտվել, այսօր News.am-ին տված հարցազրույցում մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել: Նա հնարավոր է համարել Սերժ Սարգսյանի եւ մի շարք գեներալների ձերբակալությունը, հանրության ուշադրությունը շեղելու համար: Նա նշել է, որ իշխանությունն ինքն իր համար ստեղծել է և այս պահին երեք դժվարին խնդիր ունի լուծելու` Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, զարգացումներ Արցախի շուրջ:

Իր հերթին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նույնպես հայտարարել է, որ «Սերժ Սարգսյանը պատրաստ է հանուն ժողովրդի նստել», որ Սերժ Սարգսյանի ձերբակալությունը կարող է իշխանության վերջի սկիզբը լինել:

 

Չի բացառվում, որ Հայաստանում որոշակի գործընթացներ տեղի ունենան Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի եւ Արցախի խնդրի շուրջ:

Ըստ ամենայնի, կառավարությունը դրական որոշում է տալու Ամուլսարի հանքի շահագործմանը, բնապահպաններն ու հասարակական խմբերը հայտարարել են, որ այդ պարագայում կոշտ դիմադրություն են ցույց տալու, որը կարող է վերածվել ոստիկանության հետ բախումների:

Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացումը նույնպես կարող է վերածվել քաղաքական դիմակայության: Կոնվենցիայի էությունը գրեթե չի քննարկվում, փոխարենը խոսվում է ակցիաների ու ցույցերի մասին:

Արցախյան խնդրում տարօրինակ ակտիվություն է նկատվում Ադրբեջանում, որը «գրավում է» իր իսկ տարածքները, որոնց համար սահմանապահները գեներալական կոչումներ են ստանում: Բացի այդ, ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվում է այն միտքը, որ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան եւ վերջ» արտահայտությունը կարող է վկայել բանակցային գործընթացի կասեցման մասին, որը կհանգեցնի էսկալացիայի աճի: Բաքուն փորձում է օգնության կանչել ռուս փորձագետներին՝ փորձելով նրանց շուրթերով «զգուշացնել» Նիկոլ Փաշինյանին բանակցային գործընթացի ձեւաչափի փոփոխության անթույլատրելիության մասին:

Դատելով վերջին շաբաթվա իրադարձությունների խճանկարից՝ կարելի է ենթադրել, որ Հայաստանում թեժ աշուն է լինելու: Առավել եւս, որ հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալու է ԵՏՄ գագաթնաժողովը, իսկ ռուսական ու հայկական լրատվամիջոցներում լուրեր են տարածվում, որ Պուտինը ցանկանում է Երեւանում հանդիպել Ռոբերտ Քոչարյանին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.