Վարչապետ՝ Փաշինյանի անակնկալ որոշումը.

Lragir.am -ը գրում է.   Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է իր գլխավոր խորհրդականներ Արսեն Գասպարյանին եւ Արամ Ղարիբյանին, ինչպես նաեւ օգնական Մհեր Սահակյանին:

Ազատման պատճառները չեն նշվում, հայկական ԶԼՄ-ներում նշվում է, թե դա կարող է կապված լինել ներդրողներին Հայաստանից վանելու հետ: Նկատի առնելով գլխավոր խորհրդականների ոլորտները, կարելի է ենթադրել, որ հնարավոր է խնդիրներ են առաջացել արտաքին քաղաքական ու տնտեսական որոշակի ուղղություններով:

Միեւնույն ժամանակ, պետք է նկատել, որ Ստեփանակերտում օգոստոսի 5-ի իր ելույթում Նիկոլ Փաշինյանը փաստացի հռչակեց նոր քաղաքականության օրակարգը, հիմնված համահայկական կոնսենսուսի 6 կետերի վրա:

Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը փորձ էր անում դուրս գալ հեղափոխության որոշակի շրջապտույտից ու  հետհեղափոխական դիսկուրսը «նախկին-նոր» վեճից տեղափոխել համահայկական երկխոսության եւ կոնսենսուսի հարթություն:

Իսկ նոր քաղաքականությունը պահանջում է համարժեք թիմ, նկատի առնելով այն հանգամանքը, որ գործող մեծամասնությունը զգալի մասով ձեւավորվել է հեղափոխական խնդիրների տրամաբանությամբ եւ մինչ այժմ դուրս չի գալիս այդ շրջանակից, անընդունակ լինելով գեներացնել լուրջ օրակարգեր: Հատկանշական է, որ Փաշինյանի օգոստոսի 5-ի ծրագրային ելույթը լռության մատնվեց նույնիսկ իշխող մեծամասնության կողմից:

Իրավիճակը բավական դիպուկ է նկարագրել իշխող մեծամասնության ներկայացուցիչ Բաբկեն Թունյանը. «Որոշ մարդիկ էդպես էլ չհասկացան, որ իրենք ոչ թե ակտիվիստ են, այլ արդեն պետական պաշտոնյա։

Էդ մարդիկ չհասկացան էն պատասխանատվությունը, որը դրվել է իրենց ուսերին։ Ու էդ մարդկանց պետք է արագ ազատել էդ պատասխանատվությունից, շատ արագ»։

Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ի ելույթի թեզերն ու դրված նպատակներն անիրագործելի չեն, սակայն պահանջում են այլ բնույթի ու տրամաբանության, դրված խնդիրներին համարժեք թիմ եւ գործունեություն: Դրանց իրականացումը հենց հեղափոխությունն է, որը երկիրը դուրս կբերի անկման իրավիճակից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.