Կարմիր բլուրում հայտնաբերվել են ցնցող գտածոներ. (լուսանկարներ)

 

Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Հակոբ Սիմոնյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց Կարմիր բլուրում (Թեյշեբաինի դամբարանադաշտում) ավարտված պեղումների և բացառիկ հայտնագործությունների մասին:

Կարմիր բլուրում, ըստ բանախոս Հակոբ Սիմոնյանի, սիստեմատիկ պեղումները սկսվել են 2015-16թթ., պատվիրատուն Երևանի քաղաքապետարանի Երևանի կառուցապատման ԾԻԳ-ն է.

«Պետք է ասել, որ պեղումների պայմանները շատ դժվարին ու դաժան են եղել, մեր առջև դրված ժամկետները շատ խիստ էին, և մենք պետք է պեղեինք աշխարհի ամենակարևորագույն հուշարձաններից մեկը՝ Թեյշեբաինի դամբարանադաշտը, որը, ըստ ռուսական գիտնականների բնորոշման, համարվում է բոլոր ժամանակների աշխարհի 100 լավագույն հուշարձաններից մեկը»,- ասաց նա:

Պեղումների արդյունքում հայտնաբերվել է ակադեմիական ամենախստապահանջ պայմաններին համապատասխան 281 դամբարան:

«Հայտնաբերվել են գերխիտ թաղումներ, որ գրեթե համապատասխանում էին ժամանակակից քաղաքաշինական նորմերին: Յուրաքանչյուր 6 ք/մ-ի վրա հայտնաբերվել է մեկ դամբարան՝ իր վերգետնյա կառույցներով»,- տեղեկացրեց բանախոսը:

Պեղումների ընթացքում բացահայտվել են խիստ հետաքրքիր ու բազմազան մի շարք երևույթներ, որոնցից բանախոսը կանգ առավ մի քանիսի վրա.

«Ի տարբերություն Էրեբունիի, որի բնակիչները տեղափոխված էին Ծոփքից, Թեյշեբաինիի բնակիչները տեղաբնակներ էին: Բացահայտված ողջ մշակութային շերտը՝ թաղման ծեսը թույլ է տալիս վստահաբար ասելու, որ գործ ունենք մի երևույթի հետ, որ Վանի թագավորությունը կամ Ուրարտուն 7-րդ դարում իր գերակա տարածքներն էր համարում Արարատյան դաշտը և այնտեղ հիմնել է փոխարքայի նստավայր՝ Թեյշեբաինի քաղաքը, որը զբաղեցնում էր շուրջ 40 հա տարածք և առ այսօր համարվում է այդ աշխարհակալ կայսրության լավագույն ուսումնասիրված հուշարձանը»:

Կարմիր բլուրի պեղումները բացահայտել են մի շարք կարևորագույն ինֆորմացիաներ այն մասին, թե ովքե՞ր են ապրել այդ քաղաքում, ի՞նչ մարդիկ են դրանք եղել, ի՞նչ հավատալիքներ են ունեցել, ի՞նչ ծիսակարգով են թաղվել մահանալուց հետո, ի՞նչպես են հագնվել, մանրամասնությամբ՝ ի՞նչ տեսակի զարդեր են կրել, ի՞նչ հիվանդություններ են ունեցել, ատամնաքարերի ուսումնասիրություններից պարզվել է նույնիսկ, թե ինչպիսի՞ սնունդ են օգտագործել այդ մարդիկ, բացահայտեցինք զինատեսակների հսկայական արսենալ.

«Այս ամենը մեզ տվեց վիթխարի չափերի հասնող մարդաբանական բացառիկ նյութ, և հիմա արդեն ժամանակակից մեթոդների կիրառմամբ՝ ԴՆԹ-ների և այլ լաբորատոր ուսումնասիրությունների օգնությամբ, հնարավոր է պարզել Թեյշեբաինիի բնակիչների

գենետիկան և հարաբերելով մի կողմից՝ հայկական լեռնաշխարհի բնակիչների ԴՆԹ-ների տվյալները, մյուս կողմից՝ ժամանակակից հայկական պոպուլյացիան, պարզել վերջապես, թե ովքեր են եղել այդ մարդիկ»:

Բանախոսն ընդգծեց նաև, որ Կարմիր բլուրի պեղումները թույլ են տվել պարզելու հստակ քաղաքակրթության ցուցանիշ համարվող բացահայտումներ.

«Մենք հայտնաբերեցինք ոչ միայն մեծահասակ, այլև մանկահասակ ու նորածին երեխաների թաղումներ, որոնք կոնկրետ քաղաքակրթության ցուցանիշներ են՝ տարածված միայն կայացած Հին Հռոմում, որտեղ հատուկ ուշադրություն էին դարձնում նաև մանկահասակ երեխաների թաղումներին: Պարզվում է՝ նույն իրավիճակը դարեր առաջ եղել է նաև Կարմիր բլուրում, և երեխաների նկատմամբ հատուկ սերը, որ այսօր էլ հատուկ է մեզ՝ հայերիս, հնագույն ժամանակներից առկա է եղել»:

Ամփոխելով թեման՝ բանախոսն ընդգծեց.

«Կարմիր բլուրում հայտնաբերված գտածոները ցնցող են: Եվ պեղումների ամենավերջին փուլում, երբ մեզ թվում էր, թե արդեն սպառել ենք մեզ, հանկարծ մեզ համար անսպասելի բացվեց խիստ բարձրաստիճան մի անձի դամբարան՝ 40 քմ ընդհանուր տարածքով, ժամանակակից լեզվով ասած՝ երկու սենյականոց բնակարանի չափսերով, որն ամբողջությամբ լիքն էր զոհաբերված կենդանիների ոսկորներով և թաղման ընծաներով: Դամբարանի վրա առկա էր մի վիթխարի կոթող՝ տուֆակերտ ֆալոս, իսկ արդեն ներքևում մենք հայտնաբերեցինք զոհաբերված երկու ցուլ՝ իրենց լծված կառքերով, երկու ձի, որոնցից

մեկի ատամը հստակ մաշված էր՝ ի նշան այն բանի, որ այդ ձին վստահաբար օգտագործվել է՝ որպես լծկան կամ որպես կառքի լծկան: Ունենք նաև երկու խիստ տարօրինակ ոսկորներ, որոնք, թերևս, պատկանում են ուղտի: Այսօրինակ հսկայական զոհաբերությունները կարող էին արվել միայն ու միայն խիստ կարևոր և սոցիալական բարձր դիրք ունեցող մեկի համար, և որպես այս ամենի վկայություն՝ նույն տեղում հայտնաբերվեց նաև բրոնզից կերտված ցլագլուխ, կեռ ծայրով մական, որն իշխանության բարձրագույն խորհրդանշան է՝ հատուկ միայն խեթական արքաներին»:

Հայտնաբերված խիստ կարևորագույն գտածոները, բանախոսի փոխանցմամբ, ամբողջությամբ պահպանվում են դրանց համար հատուկ առանձնացված պահեստարան-սենյակներում, իսկ դրանցից առավել թանկարժեքները՝ չհրկիզվող պահարաններում: Բանախոսն այն կարծիքին է, որ հասունացել է ժամանակը, որպեսզի Կարմիր բլուրում սկսվեն թանգարանի հիմնման աշխատանքները, և այս բացառիկ գտածոները դառնան նաև ժողովրդի սեփականությունը:

ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Կարմիր բլուրում հայտնաբերվել են ցնցող գտածոներ. (լուսանկարներ)Կարմիր բլուրում հայտնաբերվել են ցնցող գտածոներ. (լուսանկարներ)Կարմիր բլուրում հայտնաբերվել են ցնցող գտածոներ. (լուսանկարներ)


Նյութի աղբյուր՝ blog.168.am