ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 1-ին համացանցում «Եռաբլուրում պղծել են հերոսների շիրիմները» վերտառությամբ տեսանյութ էր տարածվել, ուր երեևում է, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «ապրիլյան պատերազմի» հերոսների շիրմաքարերին ինչ-որ նյութից առաջացած հետքեր կան։ «ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հանձնարարականով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները կարճ ժամանակում բացահայտելու ուղղությամբ։
Արդյունքում՝ Աշտարակի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ Աշտարակի գերեզմաններում մի կին տարօրինակ վարքագիծ է դրսևորում և ինչ-որ գործողություններ կատարում շիրմաքարերի մոտ։ Նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։ Երևանի բնակիչ, 51-ամյա կնոջ հայտնածով՝ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։
Կինը հայտնել է նաև, որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գ. Մնացականյանը արդեն իրավապահներին հայտնել է, թե ինչու է այդ քայլին գնացել: Նա բացատրել է, որ վերևից (Բարձյալը) իրեն ասել է՝ ձեռքերդ կտրի, արյունը մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին: Ինչը և արել է: Թե այլ ինչ մանրամասներ հայտնի կդառնան, ժամանակը ցույց կտա:
Մանրամասները factor.am-ի Տեսանյութում