Վերելակը պոկվելու հետևանքով 2 տուժած քաղաքացիներից մեկը քիչ առաջ հիվանդանողում մահացավ

Shamshyan.com -ի տեղեկություններով հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:35-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 82 հասցեում երկհարկանի ռեստորանային համալիրի վերելակը մոտ 12 մետր բարձրությունից ընկել է, որի մեջ եղել է 2 աշխատակից և նրանց հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ: Վիրավորներից մեկին նշված վայրից դուրս են բերել քաղաքացիները, իսկ մյուսին էլ՝ հրշեջ-փրկարարները: Վիրավորները՝ ըստ բժիշկների հայտարարության, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վարդան Սուքիասյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բաժնի պետ Վ. Վարդանյանը մեկնել է հիվանդանոց: Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, մինչև կմոտենա Էրեբունու բաժնի հետաքննիչը: Գ. Շամշյանը հայտնում է, որ հնարավոր է, դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Այս պահին դեպքի վայր ժամանեց Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ: Քննչական խումբն այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում:

 

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ 45-ամյա Էդմոն Թադևոսյանը, ով հիվանդանոցում մահացել է, իսկ վիրավորը 59-ամյա Արայիկ Մարտիրոսյանն է: Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

Մանրամասները Տեսանյութում 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.