Վարորդը ղեկին քնել է. Մանրամասներ Արցախում 5 մարդու կյանք խլած պատահարից

shantnews.am -ը գրում է.  Հայտնի է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին ողբերգական ավթովթարից զոհված քաղաքացիների անունները։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ինչպես հայտնում են Արցախի ոստիկանությունից, նախնական տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է հանդիսացել վարորդի կողմից ղեկին քնելը։

Այսօր ժամը 13:21-ին, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) ճգնաժամային կառավարման կենտրոն (ՃԿԿ) քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ վաղ առավոտյան ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղից ԱՀ Հադրութի շրջան ուղեւորված իր հարազատները (ճշտված տվյալներով ավտոմեքենան ժամը 07.00-ի սահմաններում հատել էր Աղավնոյի անցակետը) չեն պատասխանում հեռախոսազանգերին:

Ժամը 14:43-ին պարզվել է, որ նշված՝ «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 77-րդ կմ-ին վթարի է ենթարկվել եւ գլորվել ձորը, որի հետեւանքով վարորդը եւ բոլոր 4 ուղեւորները՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներ Հարութ Ավագյանը (ծնվ. 1992թ.), Նելլի Գրիգորյանը (ծնվ. 1994թ.), Ռոբերտ Ավագյանը (ծնվ. 1982թ.), Անդրանիկ Ավագյանը (ծնվ. 1958թ.) եւ Սեդա Բաղդասարյանը (ծնվ. 1961թ.) տեղում մահացել են:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները, Ոստիկանության եւ «Շտապ օգնության» աշխատակիցները:

Այս պահի դրությամբ փրկարարներն աշխատանքներ են իրականացնում ՃՏՊ-ի հետեւանքով մահացածների դիերը ձորից հանելու համար:

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին, մաղթում համբերություն` անդառնալի ցավը հաղթահարելու համար։

 

Արցախի Հանրապետության ոստիկանությունը ևս մեկ անգամ զգոնության կոչ է հղում վարորդներին։
Հարգելի վարորդներ, հիշեք, որ ավտոմեքենան մեծ ռիսկայնություն պարունակող տեխնիկական միջոց է, ուստի հորդորում ենք այն վարելու ընթացքում ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնություն, հոգնածության վիճակում չվարել այն, խստորեն հետևել երթևեկության կանոններին` այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր, այնպես էլ ուղևորների և այլոց կյանքն ու առողջությունը»,- ասված է Արցախի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

 

 

Մանրամասները shantnews.am -ի Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.