«Սիրով հրավիրում ենք, միջոցառում ՝ ի հիշատակ Արթուր Սարգսյանի...». Նատալի Ռոբերտս

Հուլիսի 26-ին, ժամը 15:00-ին, Վանաձոր քաղաքի Խաչի Թաղում, Արթուր Սարգսյանի հիշատակին կանգնեցված հուշարձանի մոտ ՄՀԱ-ն կկազմակերպի միջոցառում, ի հիշատակա նրա հերոսական գործողության: Արթուր Սարգսյանը, ով իր հերոսական գործողության համար Հաց Բերող պատվանունն է ստացել, երեք տարի առաջ այս օրը, հուլիսի 26-ին, վճռական ու հանդուգն գործողությամբ կարողացավ կոտրել մեզանում առկա վախի ու անորոշության մթնոլորտը և ազդել նախկին իշխանությունների գործողությունների հետագա ընթացքի վրա:

Արթուր Սարգսյանը եղավ այն միակ մարդը, ով ՊՊԾ գնդի գրավումից հետո կամք ցուցաբերեց ու իր կյանքը վտանգելով օգնության գնաց ապստամբներին՝ ճեղքելով ապստամբեների ու հասարակության մեջ առկա հազարավոր զինված ոստիկաններից կազմված արհեստական անջրպետը, որ կառուցվել էր նախկին ռեժիմի կողմից: Հաց Բերողն իր անձնազոհությամբ կարողացավ ցույց տալ, թե ինչքան կարևոր ու մեծ գործ կարող է անել անհատը, եթե նա մոռանա սեփական անձի մասին ու գործի հետևելով խղճի ձայնին, արդարության պահանջին ու արյան կանչին: Նա ապացուցեց, որ ցանկություն և կամք ունեցող մեկ հոգին էլ կարող է ցնցել բռնապետության հիմքերը: Նա դարձավ իր ժողովրդի ու հայրենիքի բազկի մեկ զարկը, զարկ, որ կորցրած արժանապատվության, կորցրած պատվի ու կորցրած հպարտության վերադարձման համար էր: Մեր հասարակությունը պետք է ապրի Արթուրի օրինակին հետևելու պատրաստակամությամբ: Մեզանում պիտի ծնվեն նոր Արթուրներ: Միայն այդպես կարելի է շատ չարիքների առաջն առնել: Այն ժամանակ, երբ բոլորը մտածում էին, թե ինչպես օգնեն ապստամբներին՝ նա գործի անցավ չսպասելով ոչ ոքի ու կատարեց անհրաժեշտը:

Նա անակնկալի բերեց բոլորին, թե ցուցարարներին և թե բռնապետությանը: Զուսպ ու համեստ մարդը արեց այն, ինչ ոչ ոք չեր համարձակվի անել: Նա ցույց տվեց, թե ինչպես մեկ ըմբոստ հայ մահապարտը կարող է ճեղքել հազարավոր՝ մինչև ատամները զինված, զինյալների շրջափակումը: Արթուրի սխրանքն ընդմիշտ կմնա մեր սրտում և հոգում: Նա դարձավ հայի խղճի ու քաջության համատեղության սիմվոլներից մեկը, ինչպես Գևորգ Չաուշը, Մոնթե Մելքոնյանը, Լեոնիդ Ազգալդյանը, Թաթուլ Կրպեյանը և ուրիշներ: Նրա հիշատակին նվիրված հաղորդումները պիտի դառնան ավանդական և ամեն տարի հիշելով ու արժանին մատուցելով արդարության ու խղճի մեր մարտիկներին, մենք կնպաստենք նոր սերունդների շարքերում արդարության ու խղճի համար մղվող պայքարի ապագա մարտիկներ պատրաստելուն: Մեր հայրենիքին պետք են հենց այդպիսի քաղաքացիներ, մարդիկ, ովքեր անտրտունջ, ազնվորեն, նվիրումով ու պատվով կտանեն հայոց պետականության շենացման ու հզորացման իրենց բաժին բեռը՝ հանուն Միացյալ Անկախ Հայաստանի վերակերտման ամենասուրբ նպատակի: Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցել միջոցառմանը: Սիրով հրավիրում ենք բոլորին: Հարգանքներով Մարտիկներ Հանուն Արդարության ՀԿ:

 

 

Մանրամասները Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.