armtimes.com -ը գրում է. Երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք: Այս մասին այսօր Իջեւանում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Մեր՝ մարզ այցելելուց ու այս խորհրդակցությունն անցկացնելուց հետո ամենեւին չի նշանակում, որ ամեն ինչ մոռացվեց ու մեղավորները չեն բացահայտվելու ու պատժվելու»,- ասաց Վանեցյանը։
ԱԱԾ տնօրենն ասաց, որ ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում բոլորը կհայտաբերվեն ու կկանգնեն օրենքի առջեւ. «Այս խնդիրը ստանալու է լուծում, որը բավարարելու է թե՛ քաղաքացիներին, թե՛ պետությանը»,- նշեց Վանեցյանը:
«Տավուշի մարզը բացառիկ է իր անտառներով եւ մարզի համար դրանք կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան դրանք որպես փայտանյութ դիտելը»,- ասաց ԱԱԾ տնօրենը։
Վանեցյանը ասաց, որ դրանք կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ։
«Քննարկվեց մի տարբերակ այն փայտանյութի, վառելանյութի մասով, որը քաղաքացիները հանում են անտառից, որ օգտագործեն իրենց տները ջեռուցելու համար։ Տարբերակն այն է, որ պետությունը կարգավորի այդ փայտի հավաքման պրոցեսը, այսինքն՝ անտառ չմտնեն քաղաքացիները, այլ պետությունը՝ համապատասխան ծառայությունների միջոցով, հավաքի փայտը, հանի անտառից դուրս ու համայնքի ղեկավարների կամ մարզպետարանների միջոցով բաժանի քաղաքացիներին»,- ասաց Վանեցյանը:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում ԱԱԾ-ն բոլոր անտառային տարածքներում իրականացրել է համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումները։
«Բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, ապօրինի անտառահատումների հետ կապված ավելի քան 10 քրեական գործ է հարուցված միայն ԱԱԾ-ի կողմից, որոնց մեջ ներգարվված են նաեւ մի շարք պաշտոնատար անձինք»,- ասաց Վանեցյանը։
Վանեցյանի խոսքով՝ բոլոր գործերով Քննչական կոմիտեում իրականացվում է քննություն։
ԱԱԾ տնօրենը տավուշցիներին կոչ արեց այլեւս թույլ չտալ այնպիսի արարքներ, ինչպիսին եղավ երեկ։
«Բոլոր ծագած հարցերը կլուծեն մարզպետարանում ու համայնքի ղեկավարների հետ բանակցությունների արդյունքում։ Ես համոզված եմ, որ հաստատ կգտնեն լուծումներ»,- ասաց Վանեցյանը։
Մանրամասները 1in.am -ի Տեսանյութում