Նոր Գնաճ.. Թանկացումներ՝ ժողովրդին կեղեքելու, վարչապետին փրկելու համար

«Գնաճը ժողովրդի աղքատության հաղթահարման համար լավ չի: Իհարկե՝ գնաճի տեսակ կա, որ մի բանի է օգտակար`բյուջեն լցնում է»,-անդրադառնալով  արձանագրվող թանկացումներին՝ ասել  է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Կասկած չկա, որ գնաճը խրախուսվում է հենց կառավարության կողմից` Մելքումյանի մատնանշած պատճառով:

Հիմա հասկանանք, թե ինչու է կառավարությունը դիմել նման ծայրահեղ և, ըստ էության, ոչ պոպուլյար քայլի, այն էլ` Կարեն Կարապետյանի իշխանության հայտի համատեքստում, երբ գործող վարչապետի հաղթաթղթերից մեկը նրա համեմատաբար բարձր վարկանիշն է:

Կարեն Կարապետյանը վարչապետության մեկնարկին խոստանում էր տնտեսության զարգացում` երեք գործոնների հաշվին: Ներդրումների թեման առանցքայինն էր խորհրդարանական քարոզարշավի ընթացքում, դրա ինտրիգներից մեկը նույնիսկ դարձավ Կարեն Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի հեռակա բանավեճը, երբ ներդրումային օրակարգով նրանց պոլեմիկան նմանվեց աճուրդի, որի մասնակիցները հրապարակայնացնում էին այն գինը, որ պատրաստ են վճարել իշխանությունը վերցնելու դիմաց:

ՀՀԿ-ն հաղթանակ տարավ, սակայն Կարեն Կարապետյանի խոստացած ներդրումներն այդպես էլ տեղ չհասան, եթե հաշվի չառնենք Սամվել Կարապետյանի ներդրումներն էներգետիկայի ոլորտում:

Նույնիսկ վիճակագրական աճպարարությունն անկարող եղավ քողարկել այն ակնհայտ փաստը, որ Կարապետյանի ներդրումային խոստումները ձախողվել են: Կարեն Կարապետյանի օպտիմալացման քաղաքականությունն կառավարման արդյունավետության խնդիր բացարձակապես չլուծեց` միայն ավելացնելով գործազրկությունը, հատկապես` առողջապահության և կրթության ոլորտներում: Կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարը Կարեն Կարապետյանի համար այդպես էլ մնաց PR-ի մակարդակում:

Ավելին` քրեաօլիգարխիան մնացել է միակ սեգմենտը, ում միջոցով Կարեն Կարապետյանն այսօր լցնում է բյուջեն: Գնաճը կարող է հնարավոր դառնալ միայն օլիգարխ – մոնոպոլիւստների հետ վարչապետի փոխշահավետ գործարքի արդյունքում: Օլիգարխիներն օգնում են, որպեսզի Կարեն Կարապետյանի կառավարությունը կարողանա ցուցանիշներ

ցույց տալ, կենսաթոշակներ ու աշխատավարձեր վճարել` թանկացումների շնորհիվ գերշահույթներ ստանալով: Վերջին օրերի գնաճը վերջնականապես խորտակեց Կարեն Կարապետյանի «նոր ոգին»` բացահայտելով նրա և քրեաօլիգարխիայի կոնսենսուսը: Կոնսենսուս` հասարակության թալանի հաշվին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am