Ո՞ւր են տանում Արման Մկրտումյանի «լիկվիդացման» փորձի հետքերը...

1in.am - ը Գրում է.

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա հարձակվողների բուն նպատակը, ամենայն հավանականությամբ, եղել է նրան ֆիզիկապես ոչնչացնելը…

 

Օգոստոսի 28-ին ինքնաձիգերով զինված և դիմակավորված 3 անձինք ավազակային հարձակում են գործել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող Արման Մկրտումյանի առանձնատան վրա, սակայն անկախ իրենց կամքից՝ հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Եվ ահա հիմա, երբ վնասազերծված և հայտնաբերված անձանց ինքնությունը պարզված է, շատ հետաքրքիր պատկեր է ստացվում:

Նախ` հայտնի դարձավ, որ Գ. և Ա. Մկրտումյանների կողմից վնասազերծված անձը Հովհաննես Ռիժենկոն է, որը նախկինում աշխատել է ԱԺ պատգամավոր, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվտանգությունում և 15 տարի առաջ հեռացվել աշխատանքից: Դրանից հետո նա մեկնել է Ռուսաստան ու միայն վերջերս է վերադարձել Հայաստան և բնակություն հաստատել Գյումրիում։

Հետո հայտնի դարձավ մյուս երկու դերակատարների ինքնությունը: Նրանցից մեկը Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ Մայիս Մկրտչյանն է, որն աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ մասում՝ որպես ավագ: Երրորդ կասկածյալը նրա աներն է, համագյուղացի՝ 49-ամյա Գագիկ Դանոյանը, որը երկար տարիներ աշխատել է ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Յուվեցի Կարո մականվամբ Կարո Կարապետյանի թիկնապահ։

Պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի դարձած այս տեղեկատվությունը, եթե ամբողջացնենք, կարող ենք արձանագրել երկու ընդհանրություն. բոլոր թելերը տանում են Արարատի մարզ և/կամ նախկին ԲՀԿ-ականներ, կատարողները ուժային կառույցների կամ նմանատիպ մարմինների ներկայացուցիչներ են:

Սկսենք Ռիժենկոյից. նա խնդիր է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալ Յուվեցի Կարո. նա ևս ԲՀԿ-ից մերժվածների ցանկում է՝ կուսակիցների գլխին տոկոսով փող տալու գործեր և կեղտոտ այլ պատմություններ սարքելու համար:

Lakmoes.am-ը բազմիցս անդրադարձել է Յուվեցի Կարոյի աշխատակիցների կամ գործընկերների պատանդային կարգավիճակին. Հովիկի հետ սերտորեն համագործակցող Կարոյի ամեն մի օրինազանցության, կամայականության համար նրանք են պատասխան տվել՝ իրենց կյանքով, գույքով, բիզնեսով ու ազատությամբ, կամ՝ ամեն ինչով միասին: Կարոյից տուժածների մի մասը հենց իր նախկին ենթականերն են եղել՝ ոստիկանության նախկին աշխատակիցներ: Եվ այս դուետը անընդմեջ ու անպատիժ գործել է առնվազն 20 տարի՝ վերևից ունենալով «գերագույնի» թույլտվություն…

Ամենայն հավանականությամբ՝ Գագիկ Դանոյանը հենց նույն սկզբունքով էլ իր փեսայի հետ ներգրավվել է Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակման գործում: Եթե մի փոքր հարցաքննեն, կարող է պարզվել, որ նրանք տոկոսով փողի պարտք են ունեցել Կարոյին և արագ վերադարձնելու պահանջ՝ նրանից (ինչպես սովորաբար լինում է), հետն էլ «պատվիրված» սպանության առաջարկ: «Պատվերի» մասին արդեն արտահոսք կա մամուլում:

Տվյալ դեպքում՝ անձամբ Յուվեցի Կարոն գուցե այս պահին փողայինից բացի այլ շահ չի ունեցել Դանոյանից ու նրա փեսայից (չհաշված, որ բանտ ուղարկելուց հետո կարող է տները խլել՝ սովորության համաձայն), բայց շահ կարող է ունենալ Հովիկ Աբրահամյանը, ում դռանն է չոքել Մարտի 1-ի պատասխանատվության հարցը:

Այս համատեքստում հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են ավազակային հարձակման հնարավոր պատվիրատուն, կազմակերպիչը, և ով է որոշել կամ խորհուրդ տվել գործի մեջ ներգրավել Հովիկ Աբրահամյանի խնամի Ծառուկյանի հետ նախկինում խնդիր ունեցած կամ ԲՀԿ-ի հետ նախկինում կապ ունեցած անձանց շրջապատից… որպեսզի Հովիկն անհարմար վիճակում չհայտնվի՝ եթե ինչ-որ բան այն չստացվի…

Մարմարաշենից ընտրություն անելու՝ երկրորդ հնարավոր պատճառ ևս կարող է լինել. այս գյուղի բնակիչ է նաև ԲՀԿ-ական պատգամավոր, ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ Գրիգոր Գրիգորյանը` Շերիֆը, որը եղել է 2008 թ. Մարտի 1-ի օպերացիան իրականացնողներից մեկը:

Վերջին շրջանում տեղեկություններ հայտնվեցին մամուլում, որ նա ևս «բախվել է» Գագիկ Ծառուկյանի հետ, հեռացել երկրից և նույնիսկ առողջությունը վերականգնել:

Որոշ ժամանակ անց Շերիֆը, իհարկե, հերքեց կուսակցապետի հետ խնդիրներ ունենալու լուրերը, բայց այստեղ ուշագրավ փաստն այն է, որ գծագրված շրջանակի մեջ տեղավորվում են Մարտի 1-ով շաղկապված անձինք, որոնք, ուղղակի կամ անուղղակի, կապ են ունեցել զինված հարձակման մասնակիցների հետ:

Չի բացառվում, որ նրանց ընտրողը հենց Շերիֆն է, որը ներքին զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրել է 2000-2008 թթ.-ին: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման գրեթե ողջ ժամանակահատվածում: Մի առիթով, երբ նրան հարցրել են, թե դուք Քոչարյանի՞ մարդն եք, նա «ուղղել էր»՝ չէ, ես Անահիտի մարդն եմ…

Ուրեմն ի՞նչ է սա. Քոչարյանին հրապարակավ չսատարած Ծառուկյանին պատժելու, «պաստավկա» անելու քա՞յլ՝ նրանից նեղացածների միջոցով, թե՞ հերթական խաղ…

Հիմա տեսնենք, թե ում մարդն է Մկրտումյանը:

Առաջին հայացքից Արման Մկրտումյանն անմիջական կապ չունի բուն Մարտի 1-ի իրադարձությունները կազմակերպած վերոնշյալ շրջանակի հետ, բայց նա կապ ունի Մարտի 1-ի գլխավոր պատասխանատուի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ուղիղ 10 տարի՝ 1998 թվականից մինչև 2008 թվականը, Քոչարյանի պաշտոնավարման ողջ ընթացքում Մկրտումյանը հանդիսացել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը։ Ուստի, դժվար չէ կռահել, որ Քոչարյանի պլանավորած գերակա հանրային շահի անվան տակ կատարված մասսայական ունեզրկումների գործընթացը կատարվել է հենց Մկրտումյանի միջոցով և շեֆի ցուցումով՝ անմիջական կամ միջնորդավորված:

Այդ գերակա հանրային շահից, կասկածելի հանգամանքներում, շենքային իր բաժինն է ստացել նաև Հովիկ Աբրահամյանը: Այսինքն` Քոչարյանն ու Աբրահամյանն առնվազն երկու ընդհանուր շահ ունեին կամ կարող էին ունենալ:

2008-ին Արման Մկրտումյանը նշանակվեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ՝ շարունակելով հսկողության տակ պահել շեֆերի գաղտնի ճամպրուկները, այդ թվում և այդուհետ նաև Մարտի 1-ի գործով դատարանները հեղեղած շինծու քրեական գործերի:

Սակայն վերջերս, երբ ՄԻԵԴ-ն իր որոշման մեջ կոնկրետ հիշատակեց Արման Մկրտումյանի անունը՝ որպես արդարադատությունը կողմնակալությամբ շրջանցած դատավոր, և նա պաշտոնազրկվեց, ցուցում տվողները սկսեցին անհանգստանալ…

Բա որ նա էլ ՍԴ անդամ Վ. Պողոսյանի նման հայտնի, որ իրենց վրա ճնշում է եղել 20 տարի շարունակ…

Վերոշարադրյալ փաստերի համադրումից կարելի է եզրակացնել, որ Արման Մկրտումյանը ամենաառանցքային և ամենավտանգավոր վկան կարող է դառնալ Ռ. Քոչարյանին և նրա «հանցակիցներին» քրեական պատասխանատվության ենթարկելու համար՝ և՛ Մարտի 1-ի գործերով, և՛ պետության ու մասնավոր գույքը թալանելու մասով: Այնպես որ, Արման Մկրտումյանին «լիկվիդացնելու» ամենամեծ շահը հենց այս շրջանակներում կարող է թաքնված լինել։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.