Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի 72 հասցեում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով խոշոր փլուզում է առաջացել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող
Գագիկ Շամշյանը, դեպքի վայրից մի քանի հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շինությունը օգտագործվում է ապակիների և հայելիների հղկում, փայլեցում, ֆացետ և այլ գործողություններ կատարելու համար։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։
Այս պահին տեղում աշխատում են նաև մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ խմբի պետ Լևոն Շահինյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ՃՈ ծառայողներ, ովքեր կարգավորում են երթևեկությունը նշված հատվածում, որպեսզի խցանում տեղի չունենա։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ծառայողները՝ տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից երկուսը եղբայրներ են։ Մանրամասները՝ քիչ ուշ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի