Քոչարյանի հարցաքննության ձայնագրությունը

1in.am- ը Գրում է.

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ Քոչարյանը, ինչպես հայտարարվել է նախապես, հուլիսի 26-ին կներկայանա հարցաքննության Մարտի 1-ի գործով, ինչի ծանուցագիրը նա արդեն ստացել է: Գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ հարցաքննության ձայնագրության հարցը տեխնիկական է և քննարկման փուլում է: Եթե Քոչարյանի համար դա տեխնիկական է, ապա գործի հանրային-քաղաքական նշանակության համար հարցը միանգամայն քաղաքական է, քանի որ դրանից է զգալիորեն կախված լինելու նաև վստահությունը քննչական խմբի նկատմամբ ու ըստ այդմ՝ նաև ընդհանրապես Մարտի 1-ի անաչառ քննության քաղաքական կամքի:

 

 

Իրավիճակը Հայաստանում թերևս այնպիսին է, ու արդեն տարիներ շարունակ, որ հանրային գիտակցության, թե ենթագիտակցության մեջ Մարտի 1-ի համար Ռոբերտ Քոչարյանի մեղավորությունը «ապացուցված» է, և իրավական պատասխանատվությունից ցածր որևէ այլ բան հանրության մեջ կարող է առաջացնել դժգոհություն: Հարցն այն չէ, որ դա պետք է դառնա Քոչարյանի հանդեպ դատավճռի հիմք ու կայացվի ազատազրկման որոշում: Մեղավոր է Քոչարյանը, ինչի համար է մեղավոր, ինչքան է մեղավոր՝ դա քննության պարզելիք հարցն է և դատարանի կայացնելիք վճռի հարցը:

Խոսքն այն մասին է, որ Քոչարյանի պատասխանատվության մասով կա հանրային գերիշխող ընկալում, ըստ այդմ՝ «մեկ սպասում»: Եվ եթե այդ «սպասումը» չարդարանա, ապա մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ հանրությունն ուղղակի չի հավատալու քննության անաչառությանը և սկսելու է կասկածել, որ եթե Քոչարյանին չեն ենթարկում կոնկրետ պատասխանատվության, ուրեմն չկա արդարություն, չկա անաչառ քննություն, և ամեն ինչ թատրոն է: Եվ պետք չէ կասկածել նաև, որ կգտնվեն մի շարք շրջանակներ, որոնք կգեներացնեն այդ մտայնությունը, այդ տրամադրությունները՝ արդեն Նիկոլ Փաշինյանին հարվածելու համար: Դա իրողություն է, որը հաշվի առնելը թերևս անհրաժեշտ է:

 

 

Ըստ այդմ՝ Քոչարյանի հարցաքննության ձայնագրությունը իրականում ոչ թե տեխնիկական, այլ հասարակական-քաղաքական կարևորագույն հարց է, որը պետք է ապահովի քննության անաչառությունը, ըստ այդմ՝ եթե, դիցուք, պարզվի, որ Քոչարյանը չունի իրավական պատասխանատվության ենթարկվելու հիմք, հարցաքննության տեսագրությունը պետք է այդ հանգամանքը զերծ պահի տարաբնույթ մանիպուլյացիաներից և դրանց միջոցով նոր իշխանությանը հասցվող հարվածներից: Հակառակ դեպքում հարցաքննությունը կարող է վերածվել նոր իշխանության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի համար ծուղակի, երբ Մարտի 1-ի բացահայտման քաղաքական կամքն իրականում կարող է ավելի վնաս հասցնել Փաշինյանին, քան օգուտ:

Եթե Քոչարյանը չունի իրավական կամ քրեաիրավական պատասխանատվության պատճառ, ապա հանրությունը պետք է համոզիչ տեսնի այդ պատճառի բացակայությունը, որպեսզի նրա «սպասումը», որի մասին խոսել էինք ավելի վերևում, դադարի լինել գիտակցությանը  թելադրող ու նաև լինել Մարտի 1-ի քննության անաչառության  վերաբերյալ  եզրակացությունների ելակետ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.