Ժարիտ Գրիշը պաշտպանում է Ալիկ Սարգսյանին․ Ես պատրաստ եմ բացել շատ փակագծեր

Արարատի նախկին երկու մարզպետները՝ Ալիկ Սարգսյանը և Վարդգես Հովակիմյանը միմյանց դեմ բողոքներ են ներկայացրել, որը դարձել է աղմկոտ բացահայտումների և մեկնաբանությունների հիմք:

Արդյունքում հարուցվել է քրեական գործ՝ կաշառք ստանալու և շորթման հատկանիշներով։

Հայաստանի նախկին ոստիկանապետ, 2000-2008 թվականներին Արարատի մարզը ղեկավարած Ալիկ Սարգսյանն է հաղորդում ներկայացրել Քննչական կոմիտե՝ հայտարարելով, որ իրենից հետո՝ մինչև 2012-ը մարզը ղեկավարած Վարդգես Հովակիմյանը 2012 թվականից սկսած արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60 հազար դոլար։

Իրավապահները բացատրության են կանչել Արարատի նախկին մարզպետ ՀՀԿ-ական Վարդգես Հովակիմյանին, որն էլ հաղորդում է տվել այն մասին, որ դեռևս 2008 թվականին գումար է փոխանցել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ իր նախկին աշխատակցի որդուն ոստիկանության համակարգում աշխատանքի ընդունելու համար։

Ալիկ Սարգսյանն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր է և Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների (ОМОН) վետերանների միության պատվավոր նախագահ:

ScanNews.am-ի թղթակցի հետ զրույցում Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության` ОМОН-ի նախագահ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ) նշեց, որ թավշյա հեղափոխությունից հետո իրենց պատվավոր նախագահի վրա «հարձակում» է սկսվել, մինչդեռ ինքը վստահ է, որ Ալիկ Սարգսյանը կոռուպցիայի մեջ թաթախված չէ:

«Կան որոշները, ովքեր մոռանալով շատ արժանի գործեր փորձում են կոռուպցիոն բացահայտումներ անել` ցեխ շպրտելով վաստակ ունեցող անձանց վրա: Ամիսներ շարունակ հետևում եմ, թե ինչպես որոշ մարդիկ սկսեցին աշխատել Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության` ОМОН-ի պատվավոր նախագահ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի վրա բիծ փնտրելու ուղղությամբ: Ուզում եմ նշել, որ Ալիկ Սարգսյանն արդեն 7 տարի պաշտոն չի զբաղեցնում, նրա անձով հետաքրքրվածները թող 7 տարի առաջ նախկին իշխանությունների օրոք դատի տային և պահանջեին, որ Ալիկ Սարգսյանը պատասախան տա յուրացումների համար: Ցավալի է, որ որոշ մարդիկ արթնացան և շատ բան նկատեցին միայն թավշյա հեղափոխությունից հետո, որովհետև միշտ եղել են աղմկողներ և թեկուզ անարդյունք, բայց սկզբունքի համար պայքարողներ: Այս տարիներին Ալիկ Սարգսյանը սովորական պատգամավոր էր ու թիրախավորվեց անհայտ պայմաններում»,- նշեց Գրիշա Սարգսյանը:

Սարգսյանի դիտարկմամբ՝ ոստիկանության հատուկ ջոկատների վետերանների միության անդամները վրդովված են. «Ալիկ Սարգսյանը մեր պատվավոր նախագահն է և մեծ ծառայություն ունի մատուցած պետությանն ու պետականությանը: Ճանաչելով Ալիկ Սարգսյանի անձը պետք է նշեմ, որ նա միակ նախարարն էր, որ կարողացավ ոստիկանության համակարգում սոցիալական բաժին ստեղծել: Ալիկ Սարգսյանը մինչև օրս օգնում է գերեվարվածների ընտանիքներին և օժանդակում կարիքավոր ազատամարտիկներին: Ցավում եմ, որ մարդիկ սոցիալական ցանցերի շնորհիվ կարողանում են իրենց կեղտը դուրս շպրտել ու անվանարկել մարդկանց: Անգիտակցաբար կամ մտածված «կլյաուզիա» են անում ու փորձում ինքնահաստատվել»,- ընդգծեց Գրիշա Սարգսյանը:

Մեր զրուցակիցը փաստեց, որ ինքը միշտ եղել է ընդդիմադիր և հեղափոխության օրերին սատարել է Նիկոլ Փաշինյանին՝առաջին իսկ օրվանից, իր բոլոր վետերան-ընկերներով: «Այսօր, իրավապահ համակարգը աշխատում է անաչառ և կարողանում է բաց ու թափանցիկ ներկայացնել կոռուպցիոն բացահայտումները: Եթե Ալիկ Սարգսյանի դեմ կան իրավական փաստարկներ, ապա խնդրում եմ ներկայացրեք: Ներկայացված փաստարկներն ընդամենը բանավոր հարցադրումներ են ու չեն առնչվում իրականությանը: Եթե Ալիկ Սարգսյանն է մեղավոր, ապա թող պատասխան տա, սակայն թող պատասխան տան նաև այն մարդիկ, ովքեր կեղտոտ լուտանքներ են շպրտում վաստակ ունեցող անձի հանդեպ: Ես պատրաստ եմ բացել շատ փակագծեր, սակայն օրենքի և իրավական դաշտի շրջանակներում»,- եզրափակեց Գրիշա Սարգսյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.