Hraparak.am- ը Գրում է.
Հեղափոխությունից հետո երբ ավետեցին, որ Տարոն Աճեմօղլուն համաձայնել է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու եւ զարգացնելու հարցում, արժևորեցի՝ և՛ հեղափոխությունը, և՛ հայրենասիրությունից դրդված իր աջակցությունը առաջարկող արմատներով հայ մարդուն։ Արժևորեցի, բայց միաժամանակ մտածեցի՝ մենք խոշոր տնտեսագետների պակաս չունենք, բայց եթե մարդը կամավոր, հայրենասիրությունից դրդված ուզում է աջակցել հեղափոխությանը և իր արմատների երկրին, ուրախալի է։ Հիշեցնենք, որ Տարոն Աճեմօղլուն (Daron Acemoğlu, ամբողջական անունը՝ Kamer Daron Acemoğlu) ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 3 -ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հայկական արմատներ ունեցող ընտանիքում։
Ամեն ծառայություն իր գինն ունի, բայց Աճեմօղլու ծառայությունն այնպես էր ներկայացվել, որ մարդկանց ընկալման մեջ նստեց, որ Աճեմօղլուն հայ լինելով է իր հայրենասիրական ծառայությունը մատուցելու։ Բայց պարզվում է, որ Աճեմօղլուն իր ծառայությունները, աշխատանքը գնահատել է 300 հազար ԱՄՆ դոլար։ Շատ է դա, թե քիչ, հարցի մի կողմն է, կարևոր կողմն այն է, որ մարդկանց ընկալման մեջ նստել էր, որ դա արվում է «հեղափոխության, հայի խաթր»։
Հարցը զուտ բարոյական հարթություն է տեղափոխվում։ Մարդիկ ուզում են արժևորել այդ հեղափոխությունը, արմատներով հայ հայրենասեր մարդուն․․․ ․․․Ու երբ լսում են, որ այն պարզապես վճարովի ծառայություն կամ խորհրդատվություն է, ուզած-չուզած, մտածում են՝ ինչու՞ համար Աճեմօղլին։ Մտածում են մեր պոտենցիալի մասին, որը չի օգտագործվում։ Մենք միշտ գերագնահատում ենք այն, ինչ մերը չէ։
Մյուս կողմից՝ Աճեմօղլուն պիտի՞ մեր քանդված օջախը շինի․․․ Ախր ինչու՞ չենք գնահատում, արժևորում մեր ունեցածը։ Օրվա «մի մատ երեխան» անգամ գիտի, թե ինչու՞ ենք խրվել ցեխում ու առաջ չենք գնում․․․
Հասմիկ Բաբաջանյան