Նիկոլ Փաշինյանի 3 պայմանը. հարցը փակված է

Lragir.am-ը Գրում է.

Հուլիսի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսին փաստացի փակել է ղարաբաղյան կարգավորման ներկայիս փուլի վերջին էջը: Նա մի քանի կարեւոր պայման է առաջադրել բանակցությունների վերսկսման համար, իսկ քանի որ դրանք ի սկզբանե անիրագործելի են Ադրբեջանի կողմից, կարելի է ենթադրել, որ բանակցություններում ստագնացիա է:

Առանց Արցախի ժողովրդի մասնակցության ղարաբաղյան խնդրի վերջնական լուծում հնարավոր չէ, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Սա առաջին պայմանն է, որին չի կարող համաձայնել Ադրբեջանը:

Երկրորդ պայմանն այն է, որ Ադրբեջանը պետք է ցույց տա, որ պատրաստ է փոխզիջման, որ հայկական կողմը քննարկի զիջումների իր մասը:

«Մենք մեթոդական սխալ ենք թույլ տալիս, երբ որ Հայաստանի կառավարության որեւէ ներկայացուցչի հարցնում ենք տարածքներ կարգավիճակի դիմաց լուծումը ընդունելի է, թե ոչ: Որեւէ մեկը հարց տվե՞լ է, թե այդ լուծումն Ադրբեջանին ընդունելի է, թե ոչ: Փոխզիջում նշանակում է երկու կողմ, որոնք պատրաստ են զիջումների: Ես ուզում եմ հասկանալ, ինչու՞ ենք մենք քննարկում փոխզիջման մեր պատրաստակամությունը, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջման: Երբ կստանանք ուղերձ, որ Ադրբեջանը պատրաստ է փոխզիջման, այդ ժամանակ մենք ընդհուպ ազգովի կքննարկենք, թե մեզ համար ինչ փոխզիջում գոյություն ունի», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Երրորդ պայմանն էլ վստահության մթնոլորտն է: «Մենք պարբերաբար ասում ենք համանախագահներին, որ պատրաստ ենք կարգավորման, եւ դրա համար վստահության մթնոլորտ է պետք, որը քանդում է Ադրբեջանը:

Հայաստանի կողմից ոչ մի այդպիսի քայլ չեք տեսնի», ասել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ մեզ համար անընդունելի է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանի պայմանների մասին, որոնցից գլխավորը, թերեւս, փոխզիջումներին Ադրբեջանի պատրաստակամությունն է: Բաքուն պատրա՞ստ է քննարկել Ղարաբաղի անկախ կարգավիճակը: Մինչեւ հիմա Ադրբեջանը հակառակն էր հայտարարում, իսկ դա նշանակում է, որ քննարկելու բան չկա:

Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ բանակցությունները որպես այդպիսին օգտակար են: Նա նշել է, որ պատրաստ է բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, եւ բանակցությունների նյութ կա, որոնց հետ պետք է ծանոթանա, վերլուծի:

Բաքուն բազմիցս ասել է, որ բանակցությունների բացակայությունը կարող է ռազմական գործողությունների վերսկսման հանգեցնել: Ադրբեջանը սպառազինություն է գնում եւ փորձում է հայկական կողմին ճնշել պատերազմի սպառնալիքով:

Այս կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում խաղաղության պահպանման պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի վրա: «ՌԴ-ն որպես գերտերություն ունի հնարավորություն թույլ չտալ պատերազմի վերսկսումը մեր ռեգիոնում: Եվ ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում պատերազմի վերսկսումը թույլ չտալու համար: Ես չեմ հավատում դրան: Ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմ կամ չի օգտագործի իր լծակներն Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար», – ասել է Փաշինյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.