Վազգենն էությամբ գող է, նա վաղը կասի, որ ինքը նիկոլական է

Lragir.am -ը Գրում է.

Մեր զրուցակիցն է ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը

Տիկին ԳործունյանՁեր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էիք Ձեր նախկին ամուսնուն, Մարզահամերգային համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանին, թե ինչու նոր իշխանությունները նրան չեն հանում համալիրի տնօրենի պաշտոնից։ Հիշեցրել էիք նաև, որ այն ժամանակ նա ստորագրություններ էր հավաքել, թե ինքն է Փարիզյանը ստեղծողը և նեդրողը և որ ստորագրողների մեջ էին՝ Մալխաս, Արամո, Հրանտ Թոխատյանը։ Ստորագրողների ցուցակն այսքա՞նն է։

 

 

Ցուցակն ավելի մեծ էր, պարզապես ես ստորագրողների բոլորի անունները չեմ հիշում։ Հիշում եմ, որ սկզբում ստորագրել էր նաև Էմմա Պետրոսյանը, ես Էմմա Պետրոսյանին հարցրի՝ վստա՞հ է արդյոք, որ ներդրողը ինքն է։ Էմման հասկացավ իր սխալը և հանեց իր ստորագրությունը, բայց Արամոն չհանեց, Մալխասն էլ ինձ շատ կոպիտ պատասխանեց, իսկ Հրանտ Թոխատյանի մոտ ես չգնացի, քանի որ նրան չեմ սիրում։ Ստորագրողների ցուցակում էր նաև Լևոն Իգիթյանը։ Նրանք Վազգենի ընկերներն են, պարզապես ինչպես կարող էին նրանք ստորագրել։ Ֆրանսիայում, օրինակ, չկա նման կարգ, որ դատարանի համար ստորագրություններ հավաքեն։ Ես ապշել էի, կյանքումս նման բան չէի տեսել։ Ինչպես կարող էր Վազգենը լինել ներդրողը, երբ մենք ամուսնացանք, ինքը մի կոպեկ չուներ, անգամ ԱՄՆ-ից Ֆրանսիա գալու իր տոմսի համար էլ ես վճարեցի։

 


 

 

Հիմա Վազգենը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենն է, որտեղ պետք է տեղի ունենա Ֆրանկոֆոնիան։ Եթե Սերժ Սարգսյանը մնար իշխանության, ես դարձյալ չէի կարող արտահայտվել, իսկ քանի որ հիմա իշխանության է Նիկոլը, ես էլ եմ ուզում մի քիչ արդարություն, թող պատժեն այդ մարդուն, թող գնան ստուգումներ իրականացնեն համալիրում, և ես վստահ եմ, որ իրենք կհայտնաբերեն գողություն, քանի որ ինքն էությամբ գող է։ Այսօր իմ ծանոթներից մեկը գրել էր, որ Վազգենի ամբողջ ընտանիքն աշխատում է համալիրում, եղբոր կինը, եղբոր երկու աղջիկները ամուսնինների հետ։ Օրինակ՝  ինձ ասում են, որ եղբոր դուստրն իր օգնականն է, եղբոր դստեր աղջիկը նույնպես էդտեղ է աշխատում, եղբոր աղջկա ամուսինը, եղբոր կնոջ որդին բոլորն էնտեղ են։ Սա նորմա՞լ է։ Կամ ինչու է նա միշտ զենք կրում և սա անում է  ցուցադրաբար, ի՞նչ իրավունքով է նա զենք կրում։

Եթե չեմ սխալվում, Դուք մինչև Եվրադատարան մտադիր էիք գնալ այս գործի շրջանակներում։ Հիմա գործը ո՞ր փուլում է։

Մենք մինչև Եվրադատարան պետք է գնայինք, բայց քանի որ Հայաստանում այսպիսի փոփոխություններ տեղի ունեցան, մենք հավանաբար նորից պետք է սկսենք։ Ես փաստաբանի հետ խոսեցի, նա այդպես ասաց։

 


 

 

Պնդո՞ւմ եք, որ  Ձեր բիզնեսը ձախողեցին նախկին ամուսինը նախկին իշխանությունների հետ։

Այո, ես զբաղվում էի սուրճ գնելու և Հայաստան տեղափոխելու, փաստաթղթերը կարգավորելու գործերով, իսկ հաշվապահությունը Վազգենի տնօրինման ներքո էր։ Ըստ երևույթին՝ ինքը հաշվապահության մեջ լիքը խարդախություն էր արել։ Եվ երբ Փարիզյան սուրճը հետ վերցրի իմ ձեռքը, նոր հաշվապահը աուդիտ արեց և ասաց, որ սարսափելի մեծ խնդիրներ կան, պետք է փորձել տարիների ընթացքում մարել, բայց ժամանակ չեղավ, որ ես տարիների ընթացքում մարեի։ Եվ այն ժամանակ ես հարկային գնացի տնօրենի հետ, այդ ժամանակ Օշինն էր տնօրենը։ Այնտեղ մեզ տեղեկացրին, որ Ձեր նախկին ամուսինը ամեն օր զանգում է և ասում՝ գնացեք Փարիզյան սուրճ, այնտեղ խարդախություն է արվել։ Նա այդքան վստահ էր ասում, քանի որ հենց ինքն էր այդ խարդախության հեղինակը։ Այսքանից հետո ինչպես չգժվել, երբ 180.000 դոլար տուգանում են։ Մարդիկ էլ զարմացած հարցնում էին՝ բա ինչո՞ւ վաճառեցիք Փարիզյան սուրճը, բայց չէ՞ որ ես Փարիզի իմ վարկը պետք է վճարեի, նաև Հայաստանի հարկերը։ Ինչպես չփակեի, չվաճառեի։ Իհարկե ամեն մարդ գիտեր, որ Վազգենը Սերժի Վաչոյի և Սերժի մարդն էր, և բոլոր տեղերում հայտարարում էր՝ Աշխենն ընդդիմադիր է։

 


 

 

Կարծում եք՝ այս իշխանություն օրոք այս գործը նո՞ւյնպես կվերաբացվի, և մեղավորները պատասխանատվության կկանչվեն։

Ես գիտեմ, որ այսօրվա կառավարությունը սարսափելի մեծ գործեր ունի, որոնք շատ ավելի կարևոր են, քան իմ փոքր գործը։ Բայց ես վստահում եմ՝ այսօրվա իշխանությունը կամք ունի նման գործեր բացահայտելու, բայց նաև գիտեմ, որ նրանք սարսափելի մեծ գործեր ունեն կուտակված։ Պարզապես ես ուզում եմ, որ ստուգումներ իրականացնեն համապատասխան մարմինները՝ մինչև որ մենք կարողանանք արդարադատությանը հասնել։ Պետք է պատժվեն բոլոր մեղավորները։ Ես սխալ եմ արել, որ ամուսնացել եմ այդ մարդու հետ և շատ թանկ վճարել դրա համար։ Ես նրան լիազորություններ տվեցի, քանի որ քաղցկեղ էին հայտնաբերել ինձ մոտ, բայց ինքը խլեց իմ ամբողջ ունեցվածքը, և դրա համար այդ մարդը պետք է պատժվի, որ հաջորդ անգամ նման բան նորից տեղի չունենա, որ մարդիկ, ովքեր նման բան անելու ցանկություն ունեն, չանեն։

 


 

 

Պետք է Հայաստանում վերջ տրվի այն մտայնությանը, որ եթե դու իշխանության առաջին դեմքերի մտերիմն ես, ուրեմն քեզ ամեն ինչ կարելի է։ Ամեն մարդ պատասխանատու պետք է լինի իր արածների համար։ Ես ոչ մի լավություն չեմ ուզում, ես ուզում եմ արդարություն։

Սարսափելին այն է, որ նա արդեն ֆոտոներ է հրապարակել մշակույթի նոր նախարարի հետ, նա վաղը կասի, որ ինքը նիկոլական է, որ ինքը սերժական չէր, թեև ինքը Վաչոյի միջոցով հայտնվեց այնտեղ։ Այս թեման բացելիս էմոցիաները և հիշողությունները հետ են գալիս, և այս ամենն ինձ վրա բավական ծանր է ազդում, բայց հուսամ, որ կհասնենք արդարադատության և հուսամ, որ Նիկոլը և կառավարության մյուս անդամները կլսեն ինձ, և մի փոքր կարևորություն կտան ասածներիս։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.