ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով։Ելույթի տեքստը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։
«Հարգարժա՛ն վարչապետ Միշել,
Հարգարժա՛ն նախագահ Գանի,
Հարգարժա՛ն գլխավոր քարտուղար,
Հարգելի՛ գործընկերներ,
Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Միշելին ջերմ հյուրընկալության համար: Աֆղանստանում խաղաղության և կայունության միջազգային ջանքերին նվիրված այս միջոցառմանը մասնակցելն ինձ համար պատվաբեր է:
Խաղաղությունն ու անվտանգությունը կենսական նշանակություն ունեն կայուն զարգացման համար. այդպիսին են նաև ժողովրդավարությունն ու ազատ շուկայական տնտեսությունը:
Ինչպես գիտեք, Հայաստանը վերջերս ձեռնամուխ է եղել կտրուկ փոփոխությունների՝ իր ժողովրդավարական ապագան կերտելու նպատակով:
Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակը Հայաստանի հասարակության հասունության հստակ դրսևորումն էր, մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին նրա հանձնառության գրավականը:
Տիկնայք և պարոնայք,
Այսօրվա հավաքը վերստին կարևորում է միջազգային անվտանգության խնդիրները և այդ հարցում առկա կոլեկտիվ մոտեցումը պահպանելու անհրաժեշտությունը:
Մեզ բոլորիս համախմբում է ամուր հավատն ու պատրաստակամությունը՝ խաղաղություն, անվտանգություն և կայունություն բերելու Աֆղանստանի բարեկամ ժողովրդին։
Մենք բարձր ենք գնահատում Աֆղանստանի կառավարության` պետականաշինության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ջանքերը:
Դա հնարավոր չէր լինի առանց Աֆղանստանի ժողովրդի, բանակի և անվտանգության ուժերի անմնացորդ նվիրվածության և զոհողության: Այնուամենայնիվ, դեռևս շատ անելիքներ կան, որպեսզի առաջընթացն անշրջելի դառնա։
Որպես կոլեկտիվ անվտանգության ջատագով, Հայաստանը կշարունակի նպաստել միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին:
Խաղաղ գործընթացը պահանջում է կառուցողական մոտեցում և բոլոր կողմերի դիրքորոշումների քննարկում:
Հետևաբար, մենք պետք է համախմբենք միջազգային հանրության ջանքերը բացառապես խաղաղ կարգավորման հասնելու համար, ինչն անչափ կարևոր է եվրոպական անվտանգության համար ընդհանուր առմամբ:
2010 թվականից ի վեր Հայաստանը նպաստել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղության հաստատման գործողությանը, նախ` Միջազգային Անվտանգության Աջակցության Ուժեր գործողության (ISAF), այնուհետև` «Վճռական Աջակցություն առաքելության» շրջանակներում:
Մենք գնահատում ենք արդյունավետ համագործակցությունը Հայաստանի և Գերմանիայի միջև, ինչը, իմ կարծիքով, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների միջև գործընկերության լավագույն և ամենավառ օրինակներից է:
Մենք պատրաստ ենք շարունակել մեր ներգրավվածությունն առաքելությանը մինչև 130 հոգանոց զորախմբով: Մենք նաև հայտնել ենք մեր պատրաստակամությունը, մասնակցելու ՆԱՏՕ-ի Կայուն գործընկերության առաքելությանը, երբ այն գա փոխարինելու Կայուն աջակցություն առաքելությանը:
Հայաստանը կշարունակի աջակցել Աֆղանստանի գլխավորությամբ և Աֆղանստանի մասնակցությամբ իրականացվող ներառական խաղաղության գործընթացին: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ մենք կշարունակենք աջակցել բարեկամական Աֆղանստանում համակողմանի խաղաղություն, բարգավաճում և կայունություն հաստատելուն միտված միջազգային ջանքերին:
Քանի որ խոսք գնաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ստիպված եմ անդրադառնալ նաև այդ հիմնախնդրի կարգավորմանը, չնայած համարում եմ, որ այս հարցն անհամատեղելի է սույն քննարկումների ձևաչափի հետ, քանի որ այս հավաքը միանգամայն այլ նպատակներ է հետապնդում:
ՆԱՏՕ-ն մշտապես և հետևողականորեն հայտարարել է, որ այդ հակամարտության կարգավորման գործում որևէ դերակատարություն չունի:
Այնուամենայնիվ, քանի որ հարցն արդեն բարձրացվել է, ես կցանկանայի հակիրճ մեկնաբանել և շտկումներ մտցնել արված հայտարարության համատեքստում:
Հայաստանը, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկիր, վերահաստատում է իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով:
Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ պետք է դիտարկել որպես հարձակում ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության դեմ:
Վերջերս Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման և սադրանքների դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին:
Մենք վերահաստատում ենք ձեռք բերված նախորդ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը, մասնավորապես, Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերվածները,
որոնք, ի թիվս այլոց, ուղղված են խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը: