Ինչն է իրավապահներին ոտքի հանել.

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Lragir.am-ի հետ հարցազրույցում ասում է, թե տպավորություն է, որ աշխատում են միայն ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, իսկ կառավարությունն ունի այլ կառույցներ, որոնք կարծես չեն աշխատում:

Այդ գնահատականին համաձայն կլինեն շատերը: Համենայն դեպս, այն հնչում է նաեւ այլ հարթություններում: Ավելին, տեսակետ կա, որ իրավապահների աշխատանքի «թատերականացվածությամբ» ապահովվում են տեսարաններ, որոնք պետք է ծածկեն մյուս կառույցների անարդյունավետությունը:

Հարցը իսկապես կարեւոր է: Նոր Հայաստանը չի կարող ամրանալ միայն իրավապահների աշխատանքով: Մյուս կողմից, իրավապահ համակարգի առանձնահատկությունն այն է, որ դրանում գործողությունները ուղղակի բնույթից ելնելով պահանջում են օպերատիվություն եւ ըստ այդմ առավել արագ էլ տեսանելի են:

Այլ ոլորտներում էլ կա իհարկե օպերատիվ քայլերի անհրաժեշտություն, պարզապես դրանք իրենց բնույթով այնպիսին չեն, որ հանրության համար լինեն նույնքան հնչեղ, որքան իրավապահների գործունեության տիրույթում գտնվող հարցերը:

 

 

Միեւնույն ժամանակ, իրավապահների գործունեությունը հենց պետք է ապահովի այն դաշտը, այսպես ասած ազատի այն տարածությունը, որը պետք է հերկեն մյուս կառույցները, արդեն առավել հիմնարար ու ծանրակշիռ քայլերով:

Բանն այն է, որ Հայաստանում ՀՀԿ կառավարումը իրականացվել է համատարած կոռուպցիոն սխեմաների այնպիսի ցանցով, որ մինչեւ այդ ցանցը չքանդվի եւ չապամոնտաժվի հիմնավորապես, այսինքն մինչեւ դաշտը էապես չմաքրվի մոլախոտերից, մոլախոտի արմատներից, այդ դաշտում որեւէ գործունեություն չի կարող ապահովել բարձր արդյունք:

Ահա, թե ինչու է կարեւոր իրավապահների աշխատանքը, որպես առաջնային քայլ թավշյա հեղափոխության ճանապարհային քարտեզում:

 

 

Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ աշխատում են միայն ԱԱԾ-ն ու ոստիկանությունը:

Հայաստանում աշխատել սկսել է օրենքը: Եվ քանի որ մինչ այդ Հայաստանում աշխատել է միայն կոռուպցիոն համաձայնությունը, օրենքը աշխատելու պարագայում կամա թե ակամա, ինքնաբերաբար առաջնային պլանում հայտնվելու է ոստիկանության, ԱԱԾ, այլ իրավապահ կառույցների աշխատանքը:

Այլ կերպ ասած, իրավապահների «աշխատեցնում» է ոչ այնքան նոր կառավարությունը, որքան նախորդ իշխանությունն ու համակարգը, պարզապես ակամայից, այն կենսակերպի միջոցով, որ վարել է մինչեւ իշխանափոխություն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.