«Այն, ինչ տեսանք, ապշեցուցիչ էր». Փաստաբանը դեռ ամիսներ առաջ էր զգուշացրել...

Lragir.am - ը Գրում է.

Հայաստանում այս փուլում ինքնամաքրման գործընթաց է տեղի ունենում, Lragir.am-ի հետ զրույցում ասում է փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ԱԱԾ բացահայտումներին: «Պարզվեց, որ օրգանիզմն իմունիտետ ունի և բավական ուժեղ», ասաց նա:

Ըստ փաստաբանի՝ նախքան այս բացահայտումները, մարդիկ նախկին իշխանությունների կոռումպացվածության աստիճանի մասին շատ վատ կարծիք ունեին, բայց այսօրվա բացահայտումները գերազանցում են ակնկալիքները:

«Որևէ մեկը կասկածի տակ չի դրել, որ նախորդ իշխանությունները շատ կոռումպացված են, բայց հիմա այնպիսի բաներ են բացահայտվում, որ նախկինում ոչ ոք անգամ չէր կարող պատկերացնել: Սա ամենահոռետես պատկերացումները գերազանցեց մի քանի անգամ: Այն, ինչ տեսանք, ապշեցուցիչ էր, բայց ես կարծում եմ, որ մենք դեռ շատ բաներ կտեսնենք, որոնց համեմատ այսօրվա տեսածը նույնիսկ կարող է սովորական թվալ»,- ասում է մասնագետը:

Ըստ Ալումյանի՝ Ազգային անվտանգության ծառայության բացահայտումները փաստում են, որ Հայաստանում օրենքը գործել է ընտրովի:

«Եղել է մի խավ, որի համար օրենք գոյություն չի ունեցել, որի համար օրենքը միայն այն ժամանակ է գոյություն ունեցել, երբ այդ օրենքը պետք է վերցնեին ու խփեին իրենց չենթարկվողների գլխին: Մնացած պայմաններում այդ մարդիկ բացարձակապես օրենքից դուրս են եղել, անպատժելի են եղել, և հիմա իրենք քաղում են դրա հետևանքները: Եթե 1-2 անգամ իրենց ժամանակին օրենքի ուժով սաստած լինեին, նրանք հիմա այս վիճակում չէին լինի»,- ասում է նա:

Հայկ Ալումյանը դեռևս ամիսներ առաջ էր նախորդ իշխանություններին զգուշացրել, որ կարող են հայտնվել ամբաստանյալի աթոռին: Նրա խոսքով՝ եթե նախկին իշխանությունները պատմությունն իմանային, կիմանային, որ այս իրավիճակից հնարավոր չէր խուսափել:

«Կա գրականություն, պատմություն, եթե կարդային, կիմանային, թե նման իրավիճակներն ինչով են ավարտվում: Ցավոք, երևի այդքան հեռու չեն նայել: Հենց մի մարդ իրեն օրենքից վեր է զգում, պետք է պատրաստ լինի այս վիճակին»,- հավելեց նա:

Հայկ Ալումյանի խոսքով՝ այսօրվա իրավապահների գործողությունները, ձերբակալությունները, խուզարկությունները կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդներից են: Առայժմ, նրա խոսքով, իրավապահ մարմիններն աշխատում են օրենքը չխախտել:

«Եթե անգամ ինչ-որ տեղ լինում են կասկածներ, թե արդյոք օրենքը չի խախտվել, դրանք փարատվում են, նաև դատական համակարգն է սկսել իրեն շատ ադեկվատ պահել: Այսինքն՝ նախորդ իշխանությունների ժամանակվա դատական համակարգը կարծես չլինի այսօր:

Նախորդների օրոք այնպես էր, որ եթե նույնիսկ վերևից հրահանգ չէր տրվում, դատավորն սկսում էր մտածել՝ եթե հիմա նման վճիռ կայացնի, Բաղրամյան 26-ում ինչ կմտածեն»,- նշեց նա:

Դատական համակարգի գործունեությունն այս փուլում մտահոգություններ չի առաջացնում, փոխարենն, ըստ փաստաբանի, մտահոգիչ է հասարակության մի շերտի արձագանքն այս բացահայտումներին: Հանրության մոտ, նրա խոսքով, ծայրահեղ գնահատականներ կան:

«Իհարկե, հանրությունը տեսնում է մարդկանց, ովքեր դիզել են այնպիսի հարստություն, որ արդեն պարզ է դառնում, թե ինչու է մեր բնակչության մեծ մասը չքավորության մեջ: Եվ դժվար է սպասել, որ հանրությունը կարող է դրական վերաբերվել այդ մարդկանց: Բայց, նույնիսկ եթե խոսքը գնում է ամենաանընդունելի մարդու կամ արարքի մասին, միշտ պետք է հիշել, որ նույնիսկ այդ մարդն ունի իրավունքներ, որոնք չի կարելի խախտել», նշեց Ալումյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.