Էս ինչ արեց ԱԱԾ-ն.

Lragir.am-ը Գրում է.

ԱԱԾ-ի ու մյուս իրավապահների սկանդալային բացահայտումները ՀՀԿ-ում երբեմն զավեշտալի արձագանքներ են ստանում: Օրինակ, վերջերս ՀՀԿ խմբակցության մեծահարուստ պատգամավոր Աշոտ Արսենյանը լքեց կուսակցությունը և համանուն խմբակցությունը: Սակայն ուշագրավը նրա հայտարարությունն էր, թե ինչու է լքում ՀՀԿ-ն:

«Հարգելի հայրենակիցներ, Արդեն երկար ժամանակ է, ինչ Ջերմուկի, Գնդեվազի, Կեչուտի բնակիչները փակել են Ամուլսարի հանք տանող ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը։ Ես՝ որպես Վայոց Ձորի մարզից ընտրված պատգամավոր, անհանգստանալով ստեղծված իրավիճակից, մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել ճանապարհը փակած քաղաքացիների հետ, խնդրել, հորդորել եմ, որպեսզի չխոչընդոտեն հանքի աշխատանքներին։

 

… Ես կարծում եմ, որ երկկողմանի բանակցություններին խոչընդոտում է նաև այն հանգամանքը, որ ես հանդիսանում եմ Հանրապետական կուսակցության անդամ և ՀՀԿ խմբակցության պատգամավոր։ Ուստի որոշում եմ կայացրել հրաժարվել Հանրապետական կուսակցության և խմբակցության անդամ լինելուց, մնալ անկախ պատգամավոր, որպեսզի քաղաքացիների հետ անկաշկանդ բանակցությունների շնորհիվ կարողանանք ճիշտ լուծում գտնել»։

Նշենք, որ Արսենյանը Սերժ Սարգսյանի նեղ շրջապատից էր, ով մշտապես ուղեկցում էր Սարգսյանին նրա հանգստի ժամանակ՝ հոգալով տարաբնույթ ծախսերը: Հիմա Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն փաստացի խանգարում են Արսենյանին Ջերմուկում հարցեր լուծելու համար:

Բայց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը գերազանցեց նրան: Բաղդասարյանը միտում է տեսել այս բացահայտումներում, մասնավորապես Սերժ Սարգսյանի եղբոր վերաբերյալ:

 

«Ինձ թվում է, որ մենք ավելի լուրջ գործեր ունենք անելու այս իրավիճակում: Հարկավոր է մի փոքր կանգ առնել: Տհաճ է, որ ցանկացած ստուգում կատարելու դեպքում կապում են Հանրապետականի հետ: Քաղաքական դաշտի կայացման համար այս երեւույթներն առաջընթաց չեն կարող լինել, խտրականությունը շատանում է, եւ սիրո, համերաշխության մթնոլորտը փոխվում է այլ բանի», ասել է Վահրամ Բաղդասարյանը:

Փաստորեն, ՀՀԿ-ում սիրո ու համերաշխության տակ այլ բան էին հասկացել, օրինակ, որ «լուրջ գործերը» կշարունակվեին: Դրա համար էլ տհաճություն են զգում բացահայտումներից:

Պետք է արձանագրել, որ ՀՀԿ-ում առայժմ միայն Շմայսն է համարժեք արձագանքել իրավիճակին: Նա ԱԱԾ շնորհքով ներխուժումից հետո հայտարարեց, որ այլեւս ապրում է նոր Հայաստանում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.