Ինչ կա եկեղեցու նկուղում. Խայտառակ բացահայտում.

lragir.am- ը Գրում է.

Հուլիսի 6-ին լարված իրավիճակ է ստեղծվել Մայր Աթոռում: Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող հայտնի անձինք ներխուժել են Մայր Աթոռի Դիվանատուն: Նրանք պահանջում են Կաթողիկոսի հրաժարականը: Միջադեպի ընթացքում տեղի է ունեցել ուշագրավ բացահայտում: Բողոքողները ասել են, թե վաճառվել է Մայր Աթոռում պահվող եզակի մասունքը՝ Սուրբ Գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է Փրկչի կողը:

Ըստ տեղեկության, աշխարհում կա Գեղարդի 5 օրինակ, որոնցից օրիգինալը միայն Մայր Աթոռում պահվող Սուրբ Գեղարդն է:

Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ Սրբազանը հայտնել է, որ Սուրբ Գեղարդը չի վաճառվել, այլ մի մասը կտրվել է եւ նվիրվել ռուս քաղաքապետի:

Թե ինչ քաղաքապետի մասին է խոսքը, որ քաղաքապետի, եւ թե ինչու է Մայր Աթոռը, անկասկած ոչ առանց Կաթողիկոսի իմացության, ռուս քաղաքապետին նվիրել այդ թանկարժեք, փաստացի բացառիկ մասունքի թեկուզ մի կտորը, պարզ չէ:

Բայց, փաստորեն, Դիվանատան շուրջ ստեղծված իրավիճակում բացահայտվում է ըստ էության մի խայտառակություն, որն անկախ այն հանգամանից, թե մասունքը չի վաճառվել, այլ մի կտորը նվիրվել է, ամենեւին չի դադարում լինել այդպիսին:

Ավելին, այս դեպքում դեռ պարզ չէ, թե ինչ ասել է նվեր եւ ֆորմալ առումով վաճառք չլինելով, ամենեւին բացառված չէ, որ ոչ ֆորմալ տեսանկյունից գործարքը ունեցել է հենց այդ բնույթը, այսինքն բացառիկ սրբազան մասունքի կտորը ռուս քաղաքապետի է նվիրվել այդ քաղաքապետից որեւէ ակնկալիքի, կամ այդ քաղաքապետի որեւէ ծառայության դիմաց:

Հետաքրքիր է, ունի՞ ԱԱԾ-ն Մայ Աթոռի «նկուղները» ուսումնասիրելու եւ այնտեղ հատուկ գործողություն անելու իրավասություն: Որովհետեւ, ըստ էության պատահաբար բացահայտված նվիրատվության դեպքը հուշում է, որ Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության գործողություններում կարող են լինել այլ այդպիսի օրինակներ էլ, երբ եկեղեցու պատմական գանձարանի այս կամ այն դրվագը ծառայել է այս կամ այն «աշխարհիկ» խնդիրներ լուծելու համար «նվիրատվությունների» առարկա:

Հայաստանում ներկայում տեղի է ունենում «նկուղների» մաքրման լայն գործընթաց, որն ուղեկցվում է աղմկոտ բացահայտումներով: Գործընթացն ամբողջական լինելու համար թերեւս արժե, որ այն անցնի նաեւ «հոգեւոր իշխանության» «նկուղներով», հաշվի առնելով մի քանի հանգամանք.

  • այդ իշխանությունը տարիներ շարունակ սերտաճել է Հայաստանում իշխած համակարգի հետ եւ դարձել «վստահության շրջանակի» լիարժեք մասնակից, կատարել իր դերն այդ համակարգի բարոյա-քաղաքական նկարագիրը քողարկելու գործում եւ ըստ այդմ ստացել համակարգային իր քվոտաներն ու արտոնությունները.
  • Հայ Առաքելակայն եկեղեցին ինքնին, որպես կառույց՝ իր պատմական իհարկե ոչ միարժեք, սակայն անխոս հարուստ եւ հսկայական կենսափորձով, իր կառուցվածքով, համաշխարհային տարածվածությամբ, նաեւ քրիստոնյա աշխարհում իր պատմա-քաղաքական ճանաչված, լեգիտիմ դերակատարությամբ չափազանց արժեքավոր եւ կարեւոր կառույց է հայության, ընդհուպ հայկական պետականության համար: Պարզապես անհրաժեշտ է գտնել այդ կառույցի համարժեք տեղը, դերը, գործունեության շրջանակը:

Հայաստանում նոր համակարգ է, նոր իշխանություն, որը փորձում է կառուցել հասարակական-պետական նոր, կոռուպցիայից եւ անօրինականության այլ մեխանիզմներից զերծ հարաբերություն, պսեվդո կամ ցուցանակային պետությունից դառնալ իրական, կենսունակ, քաղաքացիների պետություն:

Այստեղ Հայ Առաքելական եկեղեցին կարող է եւ թերեւս պետք է ունենա իր հանրային դերը: Այդ դերը խոշոր հաշվով նաեւ անխուսափելի է, եւ հարցն այն է, թե ինչպիսին պետք է լինի այն, որքանով պետք է օգտակար լինի այդ հանրության եւ պետության համար վերափոխումների լայն գործընթացում: Այդ տեսանկյունից է, որ կարեւոր է, որպեսզի «մաքրվեն» նաեւ ՀԱԵ «նկուղները», եւ ինչպես պետությունն է վերադարձվում քաղաքացիներին, այնպես էլ եկեղեցին վերադարձվի իր հետեւորդներին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.