Վալերի Օսիպյանի ակնարկը Գագիկ Ծառուկյանին. Ժամկետն ավարտվում է

Lragir.am-ը գրում է.

Երեկ Օլիմպավանում մարդ են ծեծել, համենայն դեպս, նա է հիվանդանոցում այդպես ասել ոստիկաններին: Նա տվել է Գագիկ Ծառուկյանի, նրա թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի անունները՝ նշելով նաեւ, որ ներկա էր արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Էդուարդ Բաբայանին ձերբակալել են, սակայն տուժածի կինը հետո հայտարարել է, որ ամուսինը սայթաքել է ու ընկել: Այո, իրենք հարցեր ունեն Ծառուկյանին բռնցքամարտի աշխարհի չեմպիոն որդու, ավելի ճիշտ, նրան բանակից ազատելու մասին, բայց ամուսինը սայթաքել է եւ վնասվածքներ ստացել: Եվ Ծառուկյանի հանդեպ որեւէ պահանջ չկա: Ռոստոմյանը նույնպես հասցրել է հայտարարել, որ ոչինչ չի տեսել:

«Եթե կարելի է սայթաքել ու այդպես մարմնական վնասվածք ստանալ, խնդիր չկա», – ասել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա նշել է, որ ծեծի փաստն արձանագրվել է տուժածի ցուցմունքների հիման վրա: «Թե հետո ինչ եղավ, դուք արդեն ինքներդ կարող եք հասկանալ», ասել է նա:

Ի՞նչ է կատարվել հետո: Այս պատմությունը կարող է թանկ արժենալ Գագիկ Ծառուկյանին ու նրա թիմին: Շատ իրական է ենթադրել, որ Ծառուկյանը կամ գնել է նրան, կամ էլ վախեցրել է տուժող Հարությունովի կնոջը: Ավելի շուտ գնել է, որովհետեւ հիմա շատ բան է դրված խաղասեղանին:

Ծառուկյանի դեմ քրեական գործն առաջին հերթին կարող է զրկել նրան գալիք ընտրություններին մասնակցելուց: Քանի որ «Ծառուկյան» դաշինքում ամեն ինչ կառուցված է Ծառուկյանի անձի վրա, նրա չմասնակցությունն ընտրություններին նշանակելու է դաշինքի ձախողում:

Երկրորդ, մինչեւ ընտրությունները եթե հաստատվի Հրաչյա Ռոստոմյանի մասնակցությունը ծեծին, կբարձրանա նրա հրաժարականի հարցը: Քանի որ չկա փաստաթուղթ, որով կառավարությունում քվոտաներ են տրվել Ծառուկյանին, հարցականի տակ կարող են լինել նրա բոլոր նախարարները: Նրանցից երկուսը զբաղեցնում են «ամենայուղոտ» ոլորտները՝ էներգետիկա եւ տրանսպորտ: Եվ անմիջապես հարց կծագի՝ ինչ հիմքով են Ծառուկյանին տրվել այդ քվոտաները:

Երրորդ, Ծառուկյանը ստիպված է լինելու ընտրություն կատարել՝ ենթարկվել իրավապահների պահանջներին, թե դիմադրել «մինչեւ վերջին փամփուշտը»: Զուր չէ, որ մամուլում տեղեկություն է տարածվել, որ օրերս Ծառուկյանը կանչել է Ծաղիկ Ռուբոյին՝ Ռուբեն Գեւորգյանին եւ իբր հանձնարարել հավաքել հին կռվողներին:

Ընտրությունների չմասնակցելու, նախարարների հրաժարականի եւ զինված դիմադրության հեռանկարի հանդիման Ծառուկյանն ամենայն հավանականությամբ համաձայնվել է շատ բան տալ, որ գործը դադարեցվի: Որքան էր նա պատրաստ տալ. Վալերի Օսիպյանը խորհուրդ է տալիս կռահել:

Ինչով էլ ավարտվի այս պատմությունը, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը մայիսի 2-ին եւ 8-ին կողմ քվեարկելու համար ստացած «արտոնությունների» ժամկետն ավարտվում է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.