Սովորական «ցեղասպանություն» ...

Lurer.com-ը Գրում է.

Այն բանից հետո, երբ Հայաստան եկավ «Վեոլիա Ջուր» ընկերությունը, շատերի մոտ հույս արթնացավ, որ շուրջօրյա ջրամատակարարումը կդադարի լինել վառ երազ և կդառնա առօրյա իրականության մի մասը: Սակայն այդ հույսը շատ արագ մարեց, քանի որ շուկա մտնելուց հետո այս ընկերությունը զբաղված է միայն ջրամատակարարման սակագնի բարձրացման հայտ ներկայացնելոով ու սեփական ապաշնորհ աշխատանքի համար արդարանալով: Այս ընկերության աշխատակիցները, թերևս, հատուկ թրեյնինգների են մասնակցում, որտեղ նրանց սովորեցնում են հորինել ստեր «գծի վթարի», «շարժչի խափանման», «պտուտակները գցելու» վերաբերյալ՝ օր ու գիշեր ջրի սպասող բնակիչներին հանդարտեցնելու համար:

 

 

Այն, ինչ անում է «Վեոլիա Ջուր»-ը հատկապես ամռան ամիսներին 40 աստիճանի հասնող տապի պայմաններում այլ բան չես անվանի, քան սովորական ցեղասպանություն: Երևանի բազմաթիվ համայնքներից պարբերաբար ահազանգեր են ստացվում, որ այս ընկերությունը չի բարեհաճում ապահովել պայմանագրով իր ստանձնած պարտականությունները, այն է՝ շուրջօրյա ջրամատակարարում ապահովել: Համայնքների մեծ մասը զրկված են անգամ օրվա ընթացքում 2-3 ժամից ավել ջուր ունենալու ճոխությունից: Եվ սա, հիշեցնենք՝ 40 աստիճան շոգի պայմաններում: Հայաստանում մոլեգնող շոգից պաշտպանվելու համար մասնագետների հիմնական խորհուրդը սառը ջուրն է: Լավ խորհուրդ է, ինչպես ասում են՝ մնում է ջուր գտնել…

 

 

Նախկինում «Վեոլիա Ջուր» ընկերությունը ջրով էր ապահովում էր միայն Երևանը, սակայն 2017 թվականի հունվարի 1–ից սպասարկում է ամբողջ Հայաստանին։ Այսինքն՝ վստահաբար կարող ենք ասել, որ նույն աղետալի վիճակում են նաև մարզերի մեր բնակիչները, և ինչը ոչ պակաս կարևոր է՝ բերքը: Բայց սա որևէ կերպ ընկերությանը չի հուզում. նրանք շարունակում են մատների արանքով նայել սպառողների շահերին՝ ոչ տույժ ու տուգանք են ստանում, ոչ էլ, առավել ևս, դուրս են վռնդվում: Եթե իշխանությունները չեն ցանկանում, որ այ ցեղասպանությունը հասնի իր տրամաբանական ավարտին, այն է՝ համաճարակների՝ դրանցից բխող բոլոր հետևանքներով, օր առաջ պետք է կարգի հրավիրել «Վեոլիա Ջրի»՝ «արխայինն ընկած» ղեկավարությանը, հուշել, որ Նոր Հայաստանում խաղի կանոնները բոլորի համար են փոխվել: Հակառակ պարագայում, չի բացառվում որ առանց ջրի օրեր շարունակ գոյատևող քաղաքացիները որոշեն իրենք ինքնիրավչության՝ սամասուդի դիմել…Շոգից ինչեր ասես որ չես անի…

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.