Օղակը սեղմվում է. Ո՞ւմ ձեռքին է «սեւ ցուցակը».

Lragir.am- ը Գրում է.

Իրավապահների ու ՊԵԿ-ի վերջին շրջանի բացահայտումներից առավել հնչեղություն ունեն Սերժ Սարգսյանի անմիջական շրջապատի ու հարազատների վերաբերյալ հրապարակվող փաստերը: Հունիսի 25-ին ձերբակալվեց նրա վարորդն ու անվտանգության ծառայության ղեկավարը՝ Վաչագան Ղազարյանը, որի մոտ ընդհանուր առմամբ հայտնաբերվեց 5 միլիոն դոլարից ավելի չհայտարարագրված գումար, հարուցվեց քրեական գործ:

Նրանից հետո ՊԵԿ-ը հրապարակեց Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի հետ կապված Փյունիկ հիմնադրամի ու «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության ստուգումների վերաբերյալ տեղեկատվությունը, ըստ որի՝ արդեն վերականգնվել է պետությանը հասցված 800 միլիոն դրամ վնասը, եւս 300 մլն դրամ ենթակա է վերադարձման:

Երեկ երեկոյան Լեւոն Սարգսյանի մասով ՊԵԿ-ը հրապարակեց նոր սենսացիոն տեղեկատվություն, ըստ որի՝ Լեւոն Սարգսյանի որդու՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Ազատի Սարգսյանի և քրոջ՝ Անի Լյովայի Սարգսյանի անվամբ 2017թ. 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր»: Հարուցվել է քրեական գործ, քանի որ այս գումարները չեն հայտարարագրվել:

Լեւոն Սարգսյանի ղեկավարած Փյունիկ հիմնադրամի վերաբերյալ պարբերաբար հրապարակումներ էին լինում ԶԼՄ-ներում, մասնավորապես ուշադրության էր արժանանում այն հանգամանքը, որ պետական հիմնարկները հսկայական գումարներ էին փոխանցում հիմնադրամին: Մեդիա-փորձագիտական շրջանակներում սա գնահատվում էր որպես «բյուջետային միջոցների ռեկետ»:

 

 

Թե որտեղից Լեւոն Սարգսյանին ու նրա որդուն 7 միլիոն դոլարի ավանդները՝ կպարզեն իրավապահները:

Սերժ Սարգսյանի այլ մերձավորներ էլ են այս օրերին հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: Նրա մյուս եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, բերման է ենթարկվել ԱԱԾ զենքի կասկածանքով: Քրեական գործում ներգրավվել է Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշ, ով կասկածվում է ինքնիրավչության մեջ: Բարսեղ Բեգլարյանը բենզինի խոշոր ներկրող է եւ Սերժ Սարգսյանի ընտանիքի քավորը:

Սերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է, նրա մերձավորների մոտից արդեն «հանել» են 12 միլիոն դոլարից ավելի չհայտարարագրված փող: Նոր բացահայտումներն առջեւում են, եւ կասկած չկա, որ նոր աղմկոտ սկանդալներ են սպասվում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.