aravot.am-ը գրում է.
Այսօր խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն միջոցառում էր կազմակերպել՝ «Հայաստանն առանց խոշտանգումների» խորագրով: Միջոցառման ընթացքում հրապարակվեց, թե հեղափոխության օրերին՝ ապրիլ-մայիս ամիսներին ոստիկանությունն ինչ մեթոդով է մարդկանց բերման ենթարկել ու ինչ վնասվածքներ են ստացել ցուցարարները: Մասնավորապես, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը հրապարակեց «Ռեստարտ» նախաձեռնության Դավիթ Պետրոսյանի լուսանկարը՝ գլուխը ոստիկանական մեքենայի վերնամասի տակ ճզմած, ոստիկանական այն գործողություններից նկարներ, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես են ցուցարար աղջիկներին ձեռք ու ոտքից բռնած՝ բերման ենթարկում:
Հրապարակվեց նաեւ, թե ոստիկանությունն ինչ հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ ու արկեր է կիրառել ապրիլյան հեղափոխության օրերին: Ցույցերը ցրելու համար կիրառվել է 11 հատուկ միջոց՝ «Զարյա-2» տեսակի լուսաձայնային 4 նռնակ, «Սվիրել» տեսակի 40 մմ լուսաձայնային 2 արկ։ Արդյունքում հավաքի մասնակիցները ստացել են բեկորային վնասվածքներ: Ցուցարարներից մեկն այնքան լուրջ վնասվածք է ստացել ոտքի շրջանում, որ բժիշկները արգելել են նրան 6 ամիս առհասարակ քայլել:Դատախազությունը ապրիլյան դեպքերի ժամանակ Բաղրամյան պողոտայում կիրառված հատուկ միջոցների կիրառման փաստով 2 քրգործ է հարուցել: Ղարագյոզյանն ասաց, որ այն անձինք, այն ցուցարարները, որոնք ազատությունից ապօրինի են զրկվել, գործեր են հարուցվելու՝ բարոյական վնասի փոխհատուցման համար:
Փաստաբանը գտնում է, որ Տիգրան Մազմանյանի գործով էլ անհասկանալի է, թե ինչու պետք է քննիչները այդպես վարվեին ու մի ներողությունով պրծնեին: Ըստ Ղարագյոզյանի, քննիչը չպետք է գործիք լինի՝ քաղաքական հրահանգների համար: Արա Ղարագյոզյանը նաեւ հիշեցրեց, որ անպատիժ է մնացել նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, որը ԱԺ պատգամավորներին բերման ենթարկելիս սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել: Նաեւ հուլիսյան դեպքերի ժամանակ հայհոյել էր Զարուհի Փոստանջյանին. «Հուսով ենք, որ այս անգամ ՀՔԾ-ն ու գլխավոր դատախազությունը օբյեկտիվ քննություն կանի ու կպարզի, թե այդ հատուկ միջոցները ում հրահանգով են կիրառվել, դա եղել է օբյեկտիվ ու համաչափ, թե՞ ոչ: Մտահոգիչ է այն փաստը, որ հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ եղել են անչափահասներ, նաեւ հղի կանայք, բայց ոստիկանությունը այդ հանգամանքը հաշվի չի առել»:
Մանրամասները Տեսանյութում՝