Շարմազանովը «Սերժի Վաչոյի» հետ մտերիմ հարաբերություններ ունի.

Politik.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր անդրադառնալով Վաչագան Ղազարյանի ձերբակալմանը նշել է, որ հարուստ լինելը վատ բան չէ, վատ բան է ապօրինի ճանապարհով հարստանալը:

«Դրա համար կա նախաքննություն, թող նախաքննությունը պարզի։ Ես չեմ ուզում դատավորի ֆունկցիա ինձ վրա վերցնել», — նշեց նա։

Դիտարկմանը, թե արդյոք Վաչագանն իր ընկերն է՝ Շարմազանովը պատասխանեց.

«Չեմ կարող ասել՝ ընկերն է, բայց մտերիմ հարաբերություններ ունենք։ Ես մտերիմ հարաբերություններից երբեք չեմ խուսափել և չեմ խուսափում։

Ի վերջո, նա այն մարդն է, որը ծառայություներ ունի Արցախում հերոսամարտի տարիներին։ Ես չեմ ուզում խոսել անձերից, մենք պետք է խոսենք երևույթներից։ Հենց մենք սկսեցինք կենտրոնանալ անձերի վրա, մենք տանուլ ենք տալու»։

Շարմազանովը հիշեցրեց վարչապետի հայտարարությունը՝ չպիտի լինի վհուկների որս, վենդետաներ և անձերի դեմ պայքար։

«ՀՀ-ում մենք պետք է փակենք անձերի դեմ պայքարի էջը և պետք է պայքարենք վատ երևույթների դեմ և քաղաքական մերժողականությունը, ընտրողաբար արդարադատությունը ՀՀ-ում պետք է բացառվեն։ Ընտրողական արդարադատությունն ամենամեծ վտանագն է, որ կարող է սպառնալ ՀՀ-ին։

Հիշում եք, որ Խաչիկյան Վազգենին ձերբակալեցին, ինքն իմ երեխայի քավորն էր, իմ ուսանողական ընկերը, և ես ասացի, որ ինքն իմ ընկերն է ու մարդկային հարաբերությունները նրա հետ շարունակել եմ, հինգ տարի այցելել եմ նրան՝ ազատազրկման վայր, բայց միևնույն ժամանակ, եթե դատարանը որոշել է, որ նա մեղավոր է, նա պետք է իր արժանի պատիժը կրի։ Անձերն ու երևույթները տարբեր են։ Ես որևէ գնահատական չեմ ուզում տալ, դրա համար կան իրավապահ մարմիններ», — նշեց Շարմազանովը։

Լրագրողի դիտարկմանը՝ չունի արդյոք այնպիսի տպավորություն, որ հերթը կհասնի Սերժ Սարգսյանին, Շարմազանովն ասաց. «Տպավորությունը քաղաքական կատեգորիա չէ»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.