Մանվել Գրիգորյանի լիազորությունները դադարեցվեցին. ԵԿՄ–ն հայտարարություն ընդունեց

armeniasputnik.am-ը Գրում է.

Երկրապահ կամավորական միության վարչության այսօրվա նիստում երեք կետից բաղկացած հայտարարություն է ընդունվել։

1.ՀՀ ԵԿՄ-ն, հանգամանալից քննարկելով վերջին իրադարձությունները, խստիվ դատապարտում է կատարված, ինչպես նաև երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք:

2.Կասեցնում է ԵԿՄ նախագահի լիազորությունները:

3.ԵԿՄ վարչությունը հանձնարարում է փոխնախագահներին և ԵԿՄ վարչության անդամներին ստեղծել նախաձեռնող խումբ, ողջամիտ ժամկետում կազմակերպել վարչության նիստ՝ նոր համագումար հրավիրելու համար»:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։

ՀՀ կառավարության հունիսի 18-ի նիստում որոշում կայացվեց հունիսի 19-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որում քննարկման կդրվի պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Կառավարության որոշման մեջ նշվում է, որ արտահերթ նիստում քննարկման կդրվի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագիրը:

Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Պատգամավորի ձերբակալության մասին համապատասխան կարգով տեղեկացվել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները: Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի:

Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր…

Գրիգորյանն այս պահին կալանավորված է։ Նրա որդին` Կարեն Գրիգորյանը, հրաժարվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.