Հրանուշ Խառատյանի կոշտ պատասխանը` Աշոտյանի հայտարարությանը.

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն Արմեն Աշոտյանի գրառման տակ թողել է հետևյալ մեկնաբանությունը.

«Բռավո, պարոն Armen Ashotyan, պետք է ենթադրել, որ մոտիկից ծանոթ եք գեներալի ձերբակալության առիթ հանդիսացած բոլոր նյութերին: Լավ է, որ այսպես արագ արձագանքել եք:

Լիսկան էլ հո ԱԺ պատգամավոր չէր, երբ Բուդաղյանի սպանությունն իրականացրեց և զենք-զինամթերքի իր պահեստի մի մասը հասցվեց ցուցադրել:

ՀՀ բոլոր մարզպետները մարզպետաց մարզպետ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ նրան առան իրենց տաքուկ թևի տակ:

Եվ նրա նկատմամբ ՛՛քաղաքական հետապնդում՛՛ չիրականացվեց, ՛՛քաղաքական դրդապատճառներ՛՛ չտեսաք, մարդն էլ անմեղ մաքուր շարունակում է վերահսկել իր զենք-զինամթերքը:

ԱԺ-ն չառարկեց մարտի 23-ին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի ձերբակալության դեմ: Նրանք անզեն մարդիկ էին, մարդ չէին սպանել, գուցե այստե՞ղ է խտրականության հիմքը:

Ղարաբաղյան ճակատում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ձեզ մտահոգիչ չի՞ թվում Էջմիածինն իրար խառնած երկու կլանների առճակատումը: Թե՞ այնտեղ ՛՛գող-միլիցա՛՛ են խաղում:

Ախ, հարգելի պարոն Armen Ashotyan, մի շտապեք Ձեր ինտելեկտը ծախսել այս հանցագործների վրա, այն Ձեզ դեռ շատ է պետք գալու:

Հիշում եմ, երբ Ձեր կուսակցությունը Գագիկ Ծառուկյանին ՛՛դոդացնում էր՛՛, մի փոքրիկ շարժ էի գրել, որում այսօրվա հերոս գեներալը Ձեր մոտ էր պաշտպանություն փնտրում,և Դուք, ըստ իմ շարժի, նրան հանգստացնում էիք՝ ասելով, որ թող հանգիստ լինի, քանի դեռ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, միայն բիզնեսով է զբաղվում, նրան ոչինչ չի սպառնում:

Հիմա Դուք իրականություն եք դարձնում իմ երևակայությունը: Մի առիթով այն գտնեմ՝ Ձեզ կուղարկեմ»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.