ՀՀԿ-ում մնաց 36 պատգամավոր.

Hayeli.am-ը գրում է.

Այսօր խորհրդարանում հերթական աննախադեպ իրադարձությունն արձանագրվեց. տապալվեց Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը: Թեկնածուն առաջադրվել էր Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, որն է դատավոր Ելիզավետա Դանիելյանը:

Ելիզավետա Դանիելյանը որպես ՍԴ անդամի թեկնածու պետք է փոխարիներ ՍԴ փոխնախագահ Վոլոդյա Հովհաննիսյանին, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հունիսի 15-ին: Նա անցնում է կենսաթոշակային տարիքի։ Այդ պատճառով էլ ՍԴ նախագահը դիմել է Դատավորների ընդհանուր ժողովին ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու համար։ ՍԴ դատավորի պաշտոնում Ելիզավետա Դանիելյանի թեկնածությանը գաղտնի քվեարկության ժամանակ կողմ էր քվեարկել 36, դեմ՝ 17 պատգամավոր: Սակայն պահանջվում էր 63 ձայն: Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները քվեարկությանը չմասնակցեցին:

Այս ուժերի ներկայացուցիչները քվեարկությանն իրենց բոյկոտը բացատրեցին այն հանգամանքով, թե իբր թեկնածուն նախորդ օրը որեւէ հարցի հստակ չէր պատասխանել եւ չի կարող ինքնուրույն կարծիք ունենալ:

 

Սակայն ակնհայտ է, որ նրանց դիրքորոշումը պայմանավորված է քաղաքական նոր իրողություններով, դատական իշխանությունը դեռեւս գտնվում է նախկին իշխանությունների ազդեցության տիրույթում, դրանով պայմանավորված է թեկնածուի նկատմամբ անվստահությունը:

Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ազգային ժողովում ՍԴ անդամի ընտրությունը տապալվում է: Մինչ այդ ՀՀ նախագահը ՍԴ անդամի պաշտոնում առաջադրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Այդ ժամանակ էլ խորհրդարանական «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները բոյկոտեցին քվեարկությունը, ինչի պատճառով Էմիլ Բաբայանը ՍԴ անդամի պաշտոնում չընտրվեց: Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 51, դեմ՝ 3 պատգամավոր:

Այդ քվեարկությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դեռ նոր էր Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձել ու ՀՀԿ-ից նման մասշտաբի արտահոսք չկար: Այսօր ՀՀԿ-ն խորհրդարանում ունի 52 պատգամավոր, սակայն քվեարկության պատկերն այլի մասին է փաստում:

 

 

ՀՀԿ-ից ընդամենը 36 պատգամավոր է կողմ քվեարկել Դանիելյանի թեկնածությանը, 17-ը դեմ են, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն փաստացի այդքան պատգամավոր ունի ու գնալով կորցնում է իր իշխանությունը: Եթե շաբաթներ առաջ 51 պատգամավոր գաղտնի քվեարկության ժամանակ հավատարիմ էր մնում ՀՀԿ-ի որոշմանը, ապա այսօր իրավիճակը այլ է, ժամանակը ՀՀԿ-ի օգտին չի աշխատելու: Օրենքի համաձայն 15 օր հետո դատավորների խորհուրդը նոր թեկնածու է ներկայացնելու, եթե այդ անգամ էլ տապալվի քվեարկությունը, թեկնածու ներկայացնելու հերթը կառավարությանն է:

Անի Սահակյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.