Առաջին հրաժարականը. Սպասվում են անակնկալ զարգացումներ.

Lragir.am -ը Գրում է.

Երեկ հրաժարական է ներկայացել Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Նոր կառավարությունում սա առաջին, եւ Հայաստանի պատմության մեջ երեւի «ամենաարագ» հրաժարականն էր:

Նախօրեին կառավարությունը բուռն բանավեճերի արդյունքում որոշում էր կայացրել պահպանել կենսաթոշակի կուտակային պարտադիր նորմը, նվազեցնելով աշխատողների վճարի չափը: Դեմ եմ շարժումը բողոքի ցույց էր կազմակերպել կառավարության դիմաց: Մանե Թանդիլյանը, ով նախկինում այդ նախաձեռնության ակտիվ անդամներից էր, առաջարկել էր մեկ տարով հետաձգել դրա կիրառումը: Եվ իր հրաժարականը հիմնավորել է դրանով:

Կառավարության նիստում դեմ էր արտահայտվել նաեւ ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանը, սակայն նա հրաժարական չտվեց, թեեւ վարչապետը «վերջնագիր» ներկայացրեց՝ ով դեմ է, նա մեզ հետ չէ:

Մանե Թանդիլյանի հրաժարականի պատճառը, թվում է, միայն այդ խնդիրը չէ: Վերջին շրջանում շատ են խոսակցությունները Ելք դաշինքում տարաձայնությունների վերաբերյալ: Մասնավորապես, խոսքը խմբակցության ղեկավարի ու ընտրություններին մասնակցության ձեւաչափի մասին է: Երեկ թե Էդմոն Մարուքյանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, որ քննարկվում է դաշինքի ապագայի հարցը:

Նիկոլ Փաշինյանն այդ դաշինքի կարիքը չունի ընտրությունների գնալու համար, իսկ առանց նրա մյուս երկու կուսակցությունների շանսերը շատ քիչ են: Մյուս կողմից, երեկ հարցազրույց էր տվել Լուսավոր Հայաստանից պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը եւ փաստացի հայտարարել, որ առանց իրենց հեղափոխությունը չէր հաղթի:

Սա չէր կարող լրացուցիչ նյարդայնություն չմտցնել դաշինքում, հաշվի առնելով ԼՀ դիրքորոշումը հեղափոխության մեկնարկին:

Հարթ չեն գործերը նաեւ կառավարության մաս կազմած ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի պարագայում: Այդ տարաձայնություններն արդեն ջրի երես են ելնում, մասնավորապես ընտրական նոր խաղի կանոնների եւ այլ հարցերում: Եվ դա բնական է՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն չեն տեղավորվում նոր քաղաքականության տրամաբանության մեջ, դրանք նախկին համակարգի անբաժանելի մասն են բոլոր առումներով:

Դա այս երկու ուժերին ոչ թե հանրահավաքի առաջ, այլ «սիրով ու համերաշխությամբ» հեղափոխությանը միացնելու հետեւանքն է:

Ընտրություններին մոտ այս միտումները խորանալու են, եւ պետք է սպասել անակնկալ զարգացումների:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.