ՀՀԿ-ն հանեց իր ծանր հրետանին. Իրավիճակը փոխվում է.

Lragir.am -ը Գրում է.

Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունը թե ընտրական օրենսգրքում փոփոխությունների, թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ պատրաստ է քննարկումների:

Դավիթ Հարությունյանն ասել է, որ ողջունում են Նիկոլ Փաշինյանի միտքը, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն մի քանի լրացուցիչ մեխանիզմներ ներդնելուց հետո: «Մասնավորապես, մենք ողջունում ենք այն մոտեցումը, որ պետք է լինի մատնահետքերի մեկ միասնական առցանց բազա: Մենք համարում ենք, որ սա օգտակար առաջարկ է և պատրաստ ենք մասնակցել քննարկումների՝ պաշտպանելով այս դրույթը», ասել է նա՝ հավելելով, որ պաշտպանում են նաև ընտրական ցուցակների ճշգրտման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները:

ՀՀԿ-ն սկսել է նահանջը հետհեղափոխական օրերի խրոխտ հայտարարություններից հետո: Սակայն այս դեպքում նահանջ բառը դրական առումով, քանի որ ՀՀԿ-ն հայտարարում էր, թե դեմ է արտահերթ ընտրությանը:

 

 

Հռչակված սերն ու համերաշխությունը սխալ էին ընկալվել ՀՀԿ-ում, սակայն վերջին օրերին կոռուպցիոն սխեմաների բացահայտումները եւ ԱԺ-ում մեծամասնությունը կորցնելու հեռանկարը ՀՀԿ-ին ստիպեցին վերադառնալ իրականությանը, մասնավորապես՝ հանրային օրակարգին:

Եվ պատահական չէ, որ այդ մասին հայտարարում է ՀՀԿ-ում թերեւս ամենասթափ քաղաքական գործիչը՝ Դավիթ Հարությունյանը: Արժե հիշել, որ Սերժ Սարգսյանի անփոխարինելիության վերաբերյալ քարոզչական արշավի ժամանակներում Դավիթ Հարությունյանը միակն էր, որ ՀՀԿ-ում արտահայտում էր այլ կարծիք, մերժելով այդ դիրքորոշումը: Ի վերջո, ՀՀԿ-ի «անփոխարինելիությունը» հաղթեց ու դարձավ հեղափոխության պատճառ:

Հիմա Դավիթ Հարությունյանը, ով թերեւս համակարգին տիրապետող հազվագյուտ գործիչներից մեկն է, ստանձնում է ՀՀԿ-ն իրականություն վերադարձնելու գործը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.