Խիստ ուշագրավ նշանակում ԱԱԾ-ում. տհաճ անակնկալ ՀՀԿ-ին.

Lragir.am -ը Գրում է.

ԱԱԾ մամուլի կենտրոնը հաստատել է տեղեկությունը, որ Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ԱԱԾ Երեւանի վարչության պետի տեղակալ: Վլադիմիր Հակոբյանը Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակն էր, իսկ երբ Սարգսյանը դարձավ վարչապետ, Հակոբյանը նշանակվեց նրա օգնական:

Հակոբյանը մինչ Սերժ Սարգսյանի խոսնակ դառնալն աշխատում էր ԱԱԾ համակարգում, տեղեկատվական բաժնում, ուներ մայորի կոչում: Այդ իմաստով ուշագրավ էր, որ ԱԱԾ մայորը նշանակվեց հանրապետության նախագահի մամուլի քարտուղար: Տարիներ անց Վլադիմիր Հակոբյանը հեռուստահաղորդումներից մեկում նշել էր, թե այդ նշանակման պատճառն այն էր, որ Սերժ Սարգսյանը ծանոթ լինելով իր աշխատանքին, բարձր էր գնահատել այն:

Ի դեպ, Հակոբյանի աշխատանքի մի դրվագ դարձավ բավական մեծ աղմուկի պատճառ: Խոսքը Ժառանգության այն ժամանակ երիտասարդ ներկայացուցիչ Հրայր Մանուկյանի հետ զրույցի մասին է, երբ ԱԱԾ աշխատակից Հակոբյանը նրան առաջարկել էր գործակցել: Մանուկյանը ձայնագրել էր զրույցն ու հրապարակել այն:

Դրանից կարճ ժամանակ անց էր, որ Վլադիմիր Հակոբյանը նշանակվեց Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար:

 

Այժմ, Սերժ Սարգսյանի մամուլի նախկին քարտուղարը վերադառնում է ԱԱԾ համակարգ եւ նշանակվում բավական կարեւոր պաշտոնի, որը կարծես թե հենց այն պաշտոնն է, որ թափուր է մնացել ԱԱԾ նոր պետի՝ Արթուր Վանեցյանի նշանակումից հետո:

Վլադիմիր Հակոբյանի նշանակումը ուշագրավ է դիտվում հատկապես ներկայիս փուլում, երբ ԱԱԾ-ն իրադարձությունների կենտրոնում է եւ վերածվել է թավշյա հեղափոխության գործընթացի «գլխավոր դերակատարի», ձեռնամուխ լինելով կոռուպցիոն սխեմաների ապամոնտաժման, ապօրինի հարստացման դեմ պայքարի:

Այդ գործընթացը իր հերթին հետաքրքիր տրանսֆորմացիաներ է առաջացրել ներքաղաքական դաշտում, մասնավորապես ՀՀԿ-ում, որում սկսվել է ներքին խմորումների շրջան. ՀՀԿ խմբակցությունը լքում են պատգամավոր Արթուր Գեւորգյանը՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան, նաեւ Ջավաք հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Արթուր Գեւորգյանը հեռանում է նաեւ կուսակցությունից:

Դրանից մի քանի օր առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, թե ապօրինությունների, կոռուպցիոն սխեմաների եւ բացահայտումների մասին ԱԱԾ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, եւ պետք է հաշվի առնել նախկին պայմանավորվածությունները:

Բաղդասարյանը միաժամանակ ասել էր նաեւ, որ ՀՀԿ նախագահի փոփոխության հարց օրակարգում չկա, թեեւ դեռեւս ապրիլի 25-ին Սերժ Սարգսյանը հորդորել էր սկսել այդ հարցի քննարկումը: Ավելին, բավական աշխուժացել էր պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, որը բանավեճի մեջ էր նոր իշխանության հետ:

Տեղեկություններ շրջանառվեցին, հետո հերքվեցին, թե Կարեն Կարապետյանները պատրաստվում են լքել ՀՀԿ-ն ու ստեղծել նոր կուսակցություն, հետո սակայն փոշմանել են: Ի դեպ, հետաքրքիր է, որ Վիգեն Սարգսյանը «կտրուկ» լռեց:

ԱԱԾ բացահայտումներին զուգահեռ, որոնց առաջին թիրախը Սամվել Ալեքսանյանն էր, նոր կառավարությունը չեղարկեց Սամվել Կարապետյանին Բարձրավոլտ էլեկտրացանցերը կառավարման հանձնելու վերաբերյալ Կարեն Կարապետյանի կառավարության պայմանագիրը:

Այդ ֆոնին ՀՀԿ-ն ներկայում գտնվում է թերեւս միմյանց հարցեր ու պահանջներ ներկայացնելու փուլում, ինչի համար էլ թերեւս փակել են կուսակցության նախագահի հարցն ու բաց չեն թողնում Սերժ Սարգսյանին, թույլ չտալով, որ նա կուսակցապետի դիրքը փոխանցի Վիգեն Սարգսյանին:

Հայաստանում սկսվել է նախկին համակարգի քար առ քար, դետալ առ դետալ ապամոնտաժման գործընթաց, որի առաջնագծում հայտնված ԱԱԾ-ում էլ բարձր պաշտոն է ստանում Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի պաշտոնը նախկինում զբաղեցրած ԱԱԾ նախկին աշխատակիցը, համակարգի ներքին բովանդակության եւ հոգեբանության մանրակրկիտ իմացության համար անհրաժեշտ խիստ ուշագրավ մի դիտակետում տեւական պաշտոնավարումից հետո:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.