Shamshyan.com-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 29-ին, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցելության ժամանակ շատ զարմացած էր այն փաստով, որ վիրավոր զինծառայողները պետական պատվերի շրջանակում անհրաժեշտ դեղամիջոցներ չեն ստանում: Նա հետաքրքրվել է՝ արդյո՞ք կենտրոնը բյուջետային ֆինանսավորում է ստանում, ինչին տնօրեն Հայկուհի Մինասյանը պատասխանեց, որ Կենտրոնը գոյություն ունի մասնավոր նվիրատվությունների հաշվին, եւ նույնիսկ անհրաժեշտ դեղամիջոցները չի հաջողվում ստանալ պետական պատվերով:
Այս արտահայտությունը մեծապես զարմացրեց նախագահին, եւ նա կրկին հարցրեց. «Այսինքն, հերոս տղան, որ գնացել վիրավորվել է, պետպատվերով դեղ չի՞ ստանում»:
Հայկուհի Մինասյանը պարզաբանեց, որ անվճար կարելի է ստանալ միայն պետական գնումների շրջանակներում գնվողների ցանկում ներառված դեղամիջոցները, սակայն կան թանկ դեղեր՝ 125 հազար դրամ արժողությամբ, ինչպես նաեւ՝ թանկարժեք հետազոտություններ, որոնք պետպատվերի ցանկում ներառված չեն:
Հարցին՝ արդյո՞ք խնդիրը բարձրացվել է երկրի ղեկավարության առջեւ, Հայկուհի Մինասյանը պատասխանեց, որ հարցը քննարկվել է նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, սակայն խնդիրն ավելի շատ առողջապահության բնագավառից է, եւ առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանին մի քանի դիմում էր ուղղվել, սակայն խնդիրը չի լուծվել: Նախագահը տնօրենին խնդրել է շատ հակիրճ, մի քանի կետով գրավոր տեսքով ներկայացնել հիմնական խնդիրները, որպեսզի ինքը կարողանա քննարկել դրանք համապատասխան գերատեսչությունների հետ: