Lragir.am - ը Գրում է.
«Ամեն բախտախնդրի պատճառով հրաժարական չեմ տալու, մենք իրավական պետությունում ենք ապրում, ես էլ ընտրված ռեկտոր եմ, չեմ պատրաստվում հրաժարական տալ», ասել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, վաղվանից ԵՊՀ-ում մեկնարկող ակցիաների կապակցությամբ:
«Ռեստարտ» նախաձեռնությունը նախօրեին հայտարարություն էր տարածել, որում ասվում է.
«Հաշվի առնելով Մայր բուհի բազմաթիվ խնդիրները՝ կրթության ցածր որակ, կենցաղային ոչ արժանապատիվ պայմաններ, ֆինանսների անարդյունավետ օգտագործում, ակադեմիական միջավայրի բացակայություն, դասախոսների եւ ուսանողների հետապնդումները քաղաքական հայացքների համար, բուհիի եւ նրա մի շարք կառույցների կուսակցականացվածությունը, Հաշվի առնելով բազմաթիվ ուսանողների եւ դասախոսների բողոքները,
Հաշվի առնելով համալսարանում ուսանողների եւ դասախոսների շահերը պաշտպանող երկու կառույցների՝ ՈՒԽ-ների եւ արհմիության գործունեության ցածր արդյունավետությունը՝
ԵՊՀ Ռեստարտ նախաձեռնությունը կոչ է անում երեքշաբթի օրը՝ ժամը 11:00-ին, ուսանողներին, դասախոսներին եւ աշխատակազմի ներկայացուցիչներին սկսել դասադուլ եւ գործադուլ հետեւյալ պահաջներով:
1. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարական
2. Հոգաբարձուների խորհրդի լուծարում
3. Ֆինանսական աուդիտի անցկացում
4. ՈՒԽ-ի եւ արհիմիության գործունեության կասեցում»:
Այսօր հայտնի է դարձել, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայությունն իր առաջին ստուգումները կսկսի բուհերից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանը:
«Առաջիններից մեկը լինելու է Երեւանի պետական համալսարանն ու պետական այլ բուհեր, բայց չեմ ասի, թե որն է լինելու առաջինը», ասել է Սանասարյանը, ավելացնելով, որ այս ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հեղափոխության ժամանակ շատ ակտիվ են եղել ուսանողները եւ նրանք առաջիններից մեկը պետք է զգան հեղափոխության արդյունքները:
Իր հերթին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը խոսել է բուհերում անառողջ մթնոլորտի, գումարների ծախսման խնդիրների եւ այլ արատավոր երեւույթների մասին:
ՀՀԿ վարչակարգը Հայաստանում քրեական օլիգարխիայի կոռուպցիոն համակարգի մեջ էր ներառել նաեւ կրթական համակարգը եւ հատկապես բուհերը, ղեկավար-ադմինիստրատիվ կազմերը լցրել «սաքուլիկներով»: Բուհերը ռեկետ էին վճարում ՀՀԿ Երիտասարդական հիմնադրամին, կուսակցականացված ուսխորհուրդները բուծում էին ռեզերվներ:
Շատ կարեւոր է, որ մաքրման գործընթացը սկսվի կրթական համակարգից՝ կանխելու սերունդների դեգրադացիան ու այլասերումը եւ ազատելու էթնո-կրիմինալ մամլիչից: Երբ Արամ Սիմոնյանը հայտարարում է, որ հրաժարական չի տալու, նշանակում է դեգրադացիան ու այլասերումը հասել են վտանգավոր սահմանագծին:
Հիշվում է՝ ինչպես էին Սաքուլիկն ու ՀՀԿ-ական բուհական խաժամուժը պաշտպանում Տարոն Մարգարյանի ատենախոսությունը, իսկ Արամ Սիմոնյանի էկզոտիկ օգնականներից մեկը՝ Ալիկը «ախալքալաքցիների զորք» էր հանում ուսանողների դեմ: Դրանից հետո Սաքուլիկն ու Ալիկը պաշտոնի բարձրացում ստացան:
Ահա ՀՀԿ-ական բուհական տեսլականը, որից կառչել է Արամ Սիմոնյանը: