lragir.am-ը գրում է.
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որդին՝ Աշոտը, շուտով զորակոչվելու է: Աշոտը դիմում է գրել զինծառայությունն Արցախում անցնելու մասին:
Հիշվում է, ժամանակին, երբ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին լրագրողները հարցնում էին, թե բարձրաստիճան պաշտոնյաների որդիները ծառայե՞լ են բանակում, նա ասում էր, որ կան այդպիսի պաշտոնյաներ: Լրագրողների՝ անուններ տալու համառ փորձերին Վիգեն Սարգսյանը հակադարձում էր, թե անուններ չի կարելի հրապարակել:
Հիմա երկրի թիվ մեկ պաշտոնյան հայտարարում է իր որդու զինծառայության անցնելու մասին: Վիգեն Սարգսյանը կարո՞ղ է պոստֆակտում մի երկու անուն տալ, թե՞ ճիշտ են մարդիկ, որ նա պարզապես ստում էր, եւ որ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյայի որդի բանակում չի ծառայել:
Փոխարենն, այդ բարձրաստիճանների որդիները վխտում են խորհրդարանում, պետական տարբեր մարմիններում, դատարաններում:
Վիգեն Սարգսյանը խոսում էր բանակի բարեփոխման մասին, իրականության մեջ նրա ծրագրերը ծառայեցվում էին հանրությանը վերջնականապես կաստաների բաժանելու իշխանության մտադրություններին: Պետք է լինեին բանակում ծառայողների, 120 հազար դրամ ստացողների, օլիգարխիային սպասարկող կաստաներ, եւ պետք է լիներ մի կաստա, որը վեր լիներ այս ամենից:
Բանակից, անվտանգությունից ու հայրենասիրությունից ճամարտակող բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց որդիներին բանակից հեռու են պահել, այն համարելով իրենց պատվից ցածր մի բան:
Ժամանակն է իսկապես բարեփոխել բանակը եւ զորակոչը: Ի դեպ, չէր խանգարի մասնավորապես ստեղծել նախկին վարչակարգի բարձրաստիճան արտոնյալների չծառայած որդիներից մի հատուկ ստորաբաժանում, որոնք ծառայություն կանցնեն «Ես եմ» ծրագրի նմանությամբ՝ երեք տարվա մի մասն առաջնագծում, մի մասը զորանոցում, մի մասն էլ տանը: Դա կլինի հանրային համերաշխության հասնելու կարեւոր միջոցներից մեկը: